Ընտանեկան դրամագլուխները նպատակ ունեին թեթևացնելու գյուղացիների հիփոթեքային վարկերի բեռը, սակայն միշտ չէ, որ բանկերը գյուղացիներին տրամադրում են վերոնշյալ տեսակի վարկեր:
Սա նշանակում է, որ գյուղացիներն իրենց ընտանեկան դրամագլուխներից գործնականում չեն օգտվում: Սրան զուգահեռ գյուղացիները տարվա ընթացքում ունենում են բազմաթիվ ֆինանսական խնդիրներ, վարկերի մարման դժվարություններ, սակայն ընտանեկան դրամագլուխները չեն կարողանում օգտագործել տվյալ հարցի լուծման համար: Սատցվում է, որ մարդիկ ունեն ֆինանսական որոշակի հնարավորություն, սակայն դրանք ոչնչով չեն կարողանում օգնել:
Ի տարբերություն հիփոթեքային վարկերի՝ բանկերը գյուղացիներին բավականին շատ տրամադրում են գյուղատնտեսական վարկեր: Այս ամենը հաշվի առնելով՝ որոշակի փոփոխություններ են կատարվել ընտանեկան դրամագլխի տնօրինման ուղղություններում: Կառավարությունը պայմաններ է ստեղծել դրանց՝ այլ վարկային պարտավորությունների իրացմանն ուղղելու համար: Այսուհետ գյուղացիները հնարավորություն կունենան իրենց ընտանեկան դրամագլուխներն օգտագործել նաև այլ տեսակի վարկերի մարման համար:
Ընտանեկան դրամագլուխները կարող են ուղղվել նաև հիփոթեքային վարկերի, ընտանիքի անդամների ուսման վարձերի վճարմանը, ինչպես նաև բժշկական ապահովագրության ձեռքբերմանը։
Սա բավականին կարևոր որոշում էր, քանի որ այս քայլով կառավարությունը թեթևացնում է գյուղացիների հոգսը, և ընտանեկան դրամագլխի գումարների իրացումը դառնում է նպատակային:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել