Ինչպես գիտենք՝ մոտ մեկ ամիս առաջ Թեհրանում կայացել էր Հայաստան-Իրան երկրորդ համաժողովը: Ինչպես Banks.am-ի հարցազրույցի ընթացքում նշել էր Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը՝ այդ համաժողովին մասնակցեցին ավելի քան 250 իրանցի և շուրջ 70 հայաստանցի գործարարներ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, ճշգրիտ ճարտարագիտության, ոսկերչության, սննդի վերամշակման, գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտային և լոգիստիկ ծառայությունների, բանկային և խորհրդատվական ծառայությունների, հանքարդյունաբերության ոլորտներից:
Երկու կողմերի համար էլ ստեղծվել են բարենպաստ պայմաններ: Իրանն ազատվել է իր հանդեպ սահմանված պատժամիջոցներից, իսկ Հայաստանը, անդամակցելով ԵԱՏՄ-ին, հնարավորություն է ստացել ոչ միայն ծավալել իր գործունեությունը բազմամիլիոնանոց շուկայում, այլև ծառայել որպես տնտեսական կամուրջ այլ երկրների և այդ միության միջև: Ի դեպ, Իրանը կարող է դառնալ հենց այդ երկներից:
Հայաստանն այս պահի դրությամբ օգտվում է ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (GSP) արտոնյալ ռեժիմից, ինչը նշանակում է Հայաստանում արտադրված ապրանքների համար զեղչված կամ զրոյական մաքսատուրքերով մուտք վերոնշյալ երկրների շուկա: Այս փաստը շատ գրավիչ է օտարերկրյա ներդրողների համար:
Ի վերջո իրանցի և հայ գործարարների միջև հանդիպումը տվեց իր արդյունքը: Ձեռք բերվեց պայմանավորվածություն ՏՏ ոլորտում ծառայությունների մատուցման, հայկական պլանշետների ու հեռախոսների արտահանման, ինչպես նաև ընդեղենի այգիների ստեղծման հարցում:
Կա նաև առաջխաղացում տուրիզմի ոլորտում: Մասնավորապես՝ նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց լրագրողների և զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների այց կազմակերպել դեպի Հայաստան: Սպասվում է, որ Իրանում կայանալիք զբոսաշրջային ցուցահանդեսին կմասնակցեն նաև հայկական տուրօպերատորները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել