Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով լուծարվել է երկրի ազգային անվտանգության նախարարությունը։ Ալիևի նույն հրամանագրով արդեն նախկին ազգային անվտանգության նախարարության հիմքի վրա ստեղծվել է 2 նոր կառույց՝ ազգային անվտանգության ծառայությունը և Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայությունը։
Հրամանագրում նշվում է, որ սույն փոփոխությունը միտված է համակարգի առավել արդյունավետ աշխատանքին։
Ալիևի մեկ այլ հրամանագրով ազգային անվտանգության ծառայության պետ է նշանակվել նախկին ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ, նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիևը։
Իսկ նորաստեղծ երկրորդ կառույցի՝ Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար է նշանակվել Օրխան Սուլթանովը, ում ծառայողական անցյալից միակ տեղեկությունն այն է, որ 2007-2011թթ. աշխատել է Մեծ Բրտիանիայում Ադրբեջանի դեսպանատանը։
Նշենք, որ վերջին ժամանակներս հարևան երկրի ազգային անվտանգության համակարգում պաշտոնանկությունների մեծ ալիք էր սկսվել: Պաշտոնից ազատվել էր նաև կառույցի նախարար Էլդար Մահմուդովը։
Նկատենք, որ այս փոփոխությունը հատկապես կարևոր նշանակություն է ձեռք բերում վերջին շրջանում ընթացող աշխարահաքաղաքական գործընթացների ու դրանց հետևանքով մեր տարածաշրջանում ստեղծված լարված իրադրության պայմաններում: Փաստորեն, Ալիևը մի կողմից ջլատում է նախկին ազգային անվտագության նախարարությունում համախմբված ուժերն ու թուլացնում դրանց ազդեցությունը ներքաղաքական շրջանակներում, մյուս կողմից՝ այդ նույն ուժերին օժտում է նոր լիազորություններով՝ նորաստեղծ այլ կառույցում հետախուզական դաշտը կատարելագործելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել