Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական կարիերայի կայացմանը մեծապես խանգարեց նրա ռոմանտիզմը: Դեռ 2013-ին Րաֆֆին կարող էր ունենալ իր արժանի տեղը հայաստանյան ընդդիմադիր դաշտում: Դրա համար կային օբյեկտիվ հիմքեր՝ ի դեմս 2013-ի նախագահական ընտրություններում գրանցած շոշափելի արդյունքի և հանրության աջակցության: Բայց Րաֆֆին փոշիացրեց ռեսուրսը՝ չմշակված, գերհուզական քայլերով հուսալքելով մարդկանց, ովքեր ի դեմս նրա տեսնում էին գործող իշխանության այլընտրանք:
Րաֆֆին կարող էր արդյունավետ օգտագործել իրավիճակն ի շահ ընդդիմադիր դաշտի կայացման, բայց նա ընկղմվեց դեպրեսիայի մեջ ու կորցրեց իրավիճակը սթափ գնահատելու ունակությունը: Ռոմանտիկ ելույթները, ընտանիքի անդամների մեծարման երեկոների վերածված հանրահավաքները, անլուրջ հացադուլները Րաֆֆիից խլեցին ամենաթանկը՝ հանրության վստահությունը:
Հիմա՝ երկու տարի անց, Րաֆֆին հանրության առջև կանգնած է որպես պարտված, պարտությունն ընդունած ու ժողովրդին ոչինչ չտալու ունակ գործիչ: Հարթակից հնչող նախկին ելույթների տեքստերը, անիմաստ բառակապակցություներն ու պատահականության սկզբունքով ընտվող արտահայտությունները Րաֆֆիից օտարեցին նաև երբևէ քաղաքական դաշտ վերադառնալու վերջին հնարավորությունը, որը նա կարող էր օգտագործել 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Չնայած Րաֆֆին հայտարարում է, թե իրենց պայքարի վերջին արարը մոտենում է, բայց, ցավոք, մոտեցողը ոչ միայն պայքարի, այլ անձամբ Րաֆֆիի վերջին արարն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել