Lragir.am-ը գրում է.
Սահմանադրության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը ամփոփեց հանրաքվեի արդյունքները՝ հանրաքվեն համարվում է կայացած, Սահմանադրության փոփոխությունները՝ ընդունված: Իհարկե, այլ որոշում պետք էլ չէր սպասել, եւ ոչ ոք չէր էլ սպասում:

Եվ այսպես, Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, եւ այդ հեղափոխությունը կատարվել է «վերեւից»: Հեղափոխություն նշանակում է կարգի փոփոխություն: Իշխանությունը փոխեց կառավարման կարգը, այն հարմարեցնելով իր կարիքներին եւ նոր մարտահրավերներին, որոնց առաջ կանգնել է իշխող համակարգը իշխանության «փոխանցման» հերթական փուլում: Այս տեսակետից, իրականությունից հեռու չեն այն պնդումները, որ սա հեղաշրջում էր:

Հեղափոխությունը Հայաստանում հասունացել էր վաղուց: Ստեղծվել էր դասական հեղափոխական իրավիճակ՝ ներքեւներն այլեւս չէին կարող եւ չէին ուզում ապրել նախկին ձեւով, վերեւներն այլեւս չէին կարող կառավարել հին ձեւով: Երկիրը կանգնած է սոցիալ-տնտեսական փլուզման եզրին, լրջագույն մարտահրավերներ են առաջացել անվտանգության եւ այլ ոլորտներում: Փլուզման եզրին էր իշխող համակարգը, քանի որ համակարգային «պայմանագիրը» դադարել էր գործել վերը թվարկված գործոնների ազդեցության տակ:

Սակայն իշխանությունն այս հանգամանքը տեսնում եւ զգում էր բոլորից լավ, բացի այդ, լավ էր պատկերացնում այդ ուղղությամբ իր անելիքը: Այդ պատճառով էլ ձեռնամուխ եղավ կառավարման նոր կարգի՝ համակարգային նոր պայմանագրի ու խաղի նոր կանոնների ընդունմանը: 

Սակայն, ի տարբերություն նախորդ փուլերի, երբ զուգահեռ գործում էր երկու պայմանագիր՝ հանրային-պետական՝ ձեւականորեն, ու համակարգայինը, իշխանությունն այս անգամ գնաց արմատական քայլի՝ «սինթեզեց» այս երկու պայմանագիրը, փորձելով բոլորին բերել լայն պայմանավորվածության դաշտ: Այդ նոր պայմանագիրն էլ այսօր վավերացրեց Կենտրոնական հանձնաժողովը, որը կոչվում է նոր Սահմանադրություն:

Իշխանությունն այս գործընթացում կիրառեց թե ավանդական, թե նոր մեթոդներ, որոնց թվում էին «նպատակային» ընտրակաշառքը, լրացուցիչ ցուցակները, այսպես կոչված ինքնության քարտերով քվեարկությունը եւ այլն: Բացի այդ, կիրառվեց նաեւ իշխանական ու ընդդիմադիր կուսակցական համակարգի դերաբաշխումը, որը պետք է ապահովեր գործընթացի «լեգիտիմությունը»: Սահմանադրությունն ընդունվեց այո-ի ու ոչ-ի կատարյալ թվաբանական ճշգրտությամբ՝ առաջինն ապահովեց անհրաժեշտ քանակը, երկրորդը՝ «քվորումը»:

Հանրաքվեի արդյունքները փաստացի ճանաչել են շահագրգիռ աշխարհքաղաքական կենտրոնները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Եվրամիությունը:

Հանրությունը հերթական անգամ միայնակ մնաց իշխանական-կուսակցական համակարգի դիմաց, սակայն նրան հաջողվեց մի բան, որը նախորդ համապետական քվեարկություններին տեղի չէր ունենում՝ հանրությունը իր եւ իշխանության արանքից հեռացրեց կուսակցություններին: Սա կարեւոր հանգամանք է հանրային հետագա պայքարի համար, երբ «միջնորդներն» այլեւս չեն կարողանալու նրան մոլորեցնել ու շեղել ճիշտ ճանապարհից: Այս անգամ որոշ չափով դա ստացվեց՝ հանրային տարբեր շրջանակների կողմից առաջարկվող բոյկոտի ու ապալեգիտիմացման կոչերն ընկալվեցին մասամբ:

Հայաստանում տեղի ունեցած «վերեւից» հեղափոխությունը չունի հանրային-պետական բովանդակություն եւ ուղղված է իշխող համակարգի «վերաֆորմատավորմանը» եւ նոր պայմաններում նրա «լեգիտիմացմանը»: Միեւնույն ժամանակ, այս գործընթացում ի հայտ եկած որոշ երեւույթներ ու հանգամանքներ, որքան էլ տարօրինակ հնչի, նպաստավոր են ապագայում այս հեղափոխությանը հանրային բովանդակություն հաղորդելու տեսակետից: Բանն այն է, որ նոր Սահմանադրության ընդունմամբ իշխող համակարգն, այնուամենայնիվ, չի լուծել իր բոլոր խնդիրները, ավելի ճիշտ՝ չկա որեւէ երաշխիք, որ նրա ծրագրերն անխափան իրականացվելու են:

Հայաստանը ենթակա է ներքին ու արտաքին դինամիկ զարգացումների ազդեցությանը, որոնք պարբերաբար ճգնաժամերի պատճառ են դառնալու, եթե համակարգը չգնա արմատական փոփոխությունների ճանապարհով: Մյուս ճանապարհը երկրում բռնության մակարդակի բարձրացումն է, որը սակայն նոր պայմաններում խիստ կասկածելի է եւ ունենալու է լիովին այլ էֆեկտ:

Այսպիսով, իրական հեղափոխությունն առջեւում է: Ո՞վ է այն իրականացնելու:-

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել