Շատերը գուցե պնդեն, թե ճանաչել են Հրանտ Մաթևոսյան մարդուն, բայց համոզված եմ՝ ճանաչել են այնքան, ինչքան միայն աչքը կարող է տեսնել կամ ականջը՝ լսել: Ինչպես բոլոր մեծերը, երեխայի նման անպաշտպան էր կյանքի խարդավանքների հանդեպ: Շիտակ էր, ծայրեծայր լիքը սիրով: Ամբողջովին սեր էր: Ամբողջովին՝ բարություն: Ինչպե՜ս էր սիրում կյանքը, մարդուն, աշխարհը և հատկապես աշխարհի իր փոքրիկ անկյունը՝ Լոռին: Ինչպե՜ս էր սիրում բառը, բառերի ներդաշնակ խաղը: Բառի պաշտամունք ուներ: Սովորական գրություն գրելիս անգամ ուշադրությամբ, երկյուղածությամբ, տառապանքով ընտրում էր յուրաքանչյուր բառը, բառի տեղը, շեշտադրությունը: Յուրաքանչյուր բառը պիտի հնչեր սեփական ձայնով: Վախենում էր մեռած բառերից: Վերջին տարիներին ժուռնալիստի աշխատանքը մի երևույթ բացահայտեց ինձ համար: Մարդիկ կան՝ խոսում են սահուն, հաճելի, բայց երբ այդ խոսքը դարձնում ես գրավոր, տակը ոչինչ չի մնում, որովհետև ասելիք չկա, չկա երկյուղածություն բառի նկատմամբ: Ամբողջը ծեծված մտքերի ու ավելորդ բառերի անհարկի կրկնություն է: Հրանտ Մաթևոսյանի խոսքն ուրիշ էր՝ երբ գրավոր էիր դարձնում, պարզվում էր՝ ոչ մի ավելորդ բառ չի ասված: Ոչ կարող ես պակասեցնել, ոչ ավելացնել:
Շռայլ էր: Շռայլորեն տալիս էր ամեն ինչ՝ հոգու ջերմությունը, էներգիան, կյանքի թանկարժեք ժամանակը, գրպանի դրամը: Ցուրտ ու դժվար տարիներին նրան դիմողը երբեք ձեռնունայն չէր հեռանում: Տալիս էր անգամ նրանց, ովքեր ստանալուց հետո չէին հապաղում չարախոսել: 
Համեստ էր ու խոնարհ զարմանալու աստիճանի, ինչը հատուկ է մեծերին, ինչպես մեծամտությունը՝ ապաշնորհներին: Հիմա, երբ չկա, նոր կզգանք իր կարիքը, կտեսնենք բաց մնացած իր տեղը: Իր խոսքը, իր ասելիքն անմիջական էր՝ իր գյուղի, իր դրկիցի, իր ազգի մասին, առանց ավելորդ ջղաձգությունների, առանց ծռմռվելու, առանց օտարամեծարության: Նա բավարարված և հպարտ էր իր նախնիներից ստացած ժառանգությամբ և իրեն տրվածով ելավ համաշխարհային ասպարեզ ու մի աստիճան վեր բարձրացրեց պապերից և նախապապերից ժառանգածը: Մինչև վերջին բջիջը հայ էր, լոռեցի, միևնույն ժամանակ՝ լիարյուն աշխարհաքաղաքացի: Նա համամարդկային երթին միանալու համար երբեք չփոխեց տարազը, մտավ այնպես, ինչպես կար՝ հայ, լոռեցի, ահնիձորցի Իգնատի զավակ: Եվ աշխարհը ճանաչեց ու ընդունեց հենց այդպիսին:

Կենսագրությունը Ինքնանկար

Մեծերը
Մաթևոսյանի
մասին

Գիտակցության
հոսքը և Հրանտ
Մաթևոսյաի
գրականությունը
Ճշգրիտ
բառերով
ճշմարիտ
պատմություններ

Ստեղծագործությունները

«Աշնան արև» (Ֆիլմը)

«Հացը»

«Մենք ենք մեր սարերը» (Ֆիլմը)

«Թախիծ»

«Սկիզբը»

«Ի սկզբանե էր բանն...»

«Կանաչ դաշտը»

«Գոմեշը»

Հրապարակախոսություն, էսսեներ, հոդվածներ

«Մեծամոր»

«Սպիտակ թղթի առջև»

«Ես ես եմ»

Հարցազրույցներ

Մարդ, որ անվանում է ժամանակը

Իսկ Հրանտ Մաթևոսյանն ասաց...

Ժողովուրդը կգտնի ճշմարիտ ուղին


Օգտագործված աղբյուրները` hrantmatevossian.org

                                     cultural.am



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել