Չգիտես ինչու, երեկ երեկոյից սկսած հայկական ԶԼՄ-ներն ու հանրությունը ոգևորված են Թուրքիայի նախագահի իբրև թե մահվան լուրից: Իրար աչքալուսանք են տալիս և այլն: Նախ, ամեն հիմար տեղեկությանը չի կարելի լուրջ վերաբերվել, առավել ևս երբ դրանք գրում են ինչ-որ անհասկանալի կայքեր՝ թիթեռի կյանքով:
Իսկ եթե մի պահ համարենք, որ այդ լուրը ճիշտ էր, ապա, ռուսամետ կամ չգիտես ինչամետ մտածելուց առաջ մերոնց առաջարկում եմ մի վայրկյան մտածել նաև հայամետ: Հայկական շահի համար Թուրքիայի ավելի ձեռնտու նախագահ, քան Էրդողանն է, երբևէ չի եղել: Այն, ինչ գրում են ռուսները կամ եվրոպական ժողովրդավար մամուլը, նրանց խնդիրն է, բայց փաստ է, որ Էրդողանը 10 տարվա ընթացքում Թուրքիան հասցրեց ճգնաժամի գագաթնակետի, ներքին բախումները սրեց, ամենակարևորը՝ Արևմտյան Հայաստանում ապրող ավելի քան 4 մլն հայերը հենց Էրդողանի օրոք սկսեցին ազատ խոսել իրենց հայկական արմատների մասին:
Մոռացել ե՞ք, թե 15-20 տարի առաջ ինչ էր կատարվում Թուրքիայում, մոռացել ե՞ք գորշ գայլերի MHP կամ քեմալականների CHP գործողությունները:
Վստահ եմ, եթե Էրդողանը ասենք վաղը գնա, միանգամից իշխանության կգան սարսափելի հայատյաց ու ազգայնամոլ ուժեր, որոնք իրական վտանգ կներկայացնեն մեր ժողովրդի ու երկրի համար, իսկ ինչքան երկար Էրդողանը կառավարի Թուրքիայում, այնքան լավ առաջին հերթին Հայաստանի համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել