Sahyan1Araratnews.am-ը գրում է.
«Համո Սահյան պոեզիայի կենտրոն» ՀԿ նախագահ Սահյանի որդին՝ Նաիրի Սահյանը հոր անտիպ արխիվը որոշել է նվիրել գրականության և արվեստի ինստիտուտին, երբ կանգնեցվի Համո Սահյանի արձանը և բացվի թանգարանը՝ Լոր գյուղում:
Նշենք, որ Նաիրի Սահյանը որոշել էր վաճառել  հոր՝ Համո Սահյանի անտիպ արխիվը, որպեսզի ստացված միջոցներով կարողանար բացել Հ.Սահյանի արձանը և թանգարանը: Ն.Սահյանի խոսքով՝ ստիպված էր որոշել այդ քայլին գնալ՝ չորս տարի ապարդյուն պայքարից հետո, որպեսզի գրողը Երևանում ունենա արձան, իսկ ծննդավայրում՝ Սիսիանի շրջանի Լոր գյուղում՝ թանգարան:
Նաիրի Սահյանի որոշմանն արձագանքել էր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով ասել էր, թե կարծում է, որ կարիք չկա վաճառքի միջոցով պետությանն օժանդակել, որպեսզի Սահյանի հետ կապված որևէ խնդիր լուծվի: Պետությունն ի զորու է դրանք լուծել: Նախարարը նաև վստահեցրել էր, որ անելիքները կճշտեն ժառանգների հետ:
Araratnews.am-ի հետ զրույցում Նաիրի Սահյանը փաստեց, որ արդեն հանդիպել է Հասմիկ Պողոսյանի հետ: Վերջինս վստահեցրել է, որ գարնանն արդեն պատրաստ կլինի Սահյանի արձանը և թագարանը.«Ինքը հրավիրեց իր մոտ, նստեցինք, խոսեցինք և խոստացավ, որ գարնանը թանգարանը պատրաստ կլինի, դրանից բացի էլի բաներ կային, որ պետք է արվեին: Նախարարը խոսք տվեց, որ դրանք էլ կարվեն: Պնդեց, որ ես արխիվը չվաճառեմ: Ես ինքս էլ չէի ուզում, դա ինձ համար մեծ ցավ կլիներ, որ վաճաառեի: Եթե այդ ամեն ինչն արվի, այդ ժամանակ ես անտիպ արխիվը կնվիրեմ գրականության, արվեստի ինստիտուտին»:
Նաիրի Սահյանի հավաստմամբ՝ մինչ այս մշակույթի նախարարի հետ ոչ մի հանդիպում չի ունեցել.«Մի անգամ հանդիպել եմ, երբ հոբելյանական հանձնաժողովը հավաքվել էր, ինքն էլ էր հանձնաժողովի կազմում, ինձ էլ հրավիրել էին: Այդ ժամանակ որոշվեց, որ պետք է այս ամենը արվեր, բայց էդպես կամաց-կամաց ձգձգվեց»:
Հուսանք, որ այս անգամ խնդիրը կունենա վերջնական լուծում  և Սահյանը ծննդավայրում կունենա թանգարան, Երևանում՝ արձան, իսկ անտիպ արխիվը վաճառելու կարիք երբեք չի լինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել