Հանրապետական կուսակցության համար չեն կարող գովերգվել հասարակության կողմից դատապարտվող երևույթները: Tert.am –ի հետ զրույցում այսօր Հանրապետական խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի կողմից «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին վիրավորելու և սպառնալու միջադեպի մասին նման գնահատական տվեց Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով քիչ առաջ է տեղեկացել միջադեպի մասին և դեռ չի հասցրել խոսել ո՛չ լրագրող Մհեր Արշակյանի, ո՛չ իր կուսակից Մհեր Սեդրակյանի հետ:

Հիշեցնենք, որ երբ լրագրողը մոտեցել է Մհեր Սեդրակյանին հարց տալու, վերջինս ասել է. «Դավա՜յ, դավա՜յ, դավայ։ Յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»: Այս ամենը երևում է նաև «Ա1+»-ի տեսանյութում։

«Մենք պետք է կարողանանք հարգալից լինել մեկս մյուսի նկատմամբ: Բայց մյուս կողմից, ես կարծում եմ, որ դա միտումնավոր չի եղել, այլ եղել է ավելորդ էմոցիաների ներքո: Ամեն դեպքում, ես՝ որպես ԱԺ փոխնախագահ և ՀՀԿ խոսնակ, իմ ներողամտությունն եմ հայցում պարոն Մհեր Արշակյանից»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ Մհեր Սեդրակյանի հետ խոսելուց հետո կկարողանա ավելի հստակ գնահատական տալ՝ ի պատասխան այն հարցի, թե հնարավո՞ր է, որ Սեդրակյանին կարգապահական տույժ տրվի, կամ նա զրկվի պատգամավորական մանդատից:
Ինչին ի պատասխան Էդուարդ Շարմազանովը կրկնեց. «Չեմ կարծում, որ պարոն Սեդրակյանը միտումնավոր է նման արտահայտություններ թույլ տվել: Միգուցե իրար ճիշտ չեն հասկացել: Ամեն դեպքում ես միտում չեմ տեսնում, բայցև՝ չեմ էլ կարող այդ միջադեպի մասին դրական արտահայտվել»:

Նյութը՝ Tert.am-ից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել