Այսօրվա խնդիրը այն չէ, թե ՀՀ քաղաքացին «Այո» կամ «Ոչ» կասի ներկայացվող նախագծին: Խնդիրը այն է, որ ինչպես երեկ, այնպես էլ վաղը, այդ քաղաքացին իր կյանքը, իր գործունեությունը, իր քաղաքացիական ու քաղաքական ապագան չի կերտելու այդ Սահմանադրության միջոցով,
նախ՝ քանի որ հիմնականում տեղյակ չէր, ինչպես նախորդ սահմանադրության, այնպես էլ տեղյակ չի նոր առաջարկվողի դրույթներից,
երկրորդ՝ քաղաքացին վաղուց, շատ վաղուց որոշել է, որ ամեն բան իր փոխարեն որոշված ու լուծված է:

Հարց է առաջանում, դե եթե էդպես անտարբեր վերաբերմունք կա պետության ու երկրի՝ ամենից կարևոր փաստաթղթի նկատմամբ, ինչու է քաղաքացին ավելի հաճախ դժգոհում ու բողոքում, ինչու է նա իշխանություններին ու ընդդիմությանը մեղադրում բոլոր հնարավոր ու անհնար մեղքերի համար:

Մեղադրելը, միշտ ավելի հեշտ է, այն ջանք չի ենթադրում, մտքի լարում, նյարդերի քայքայում, հավելյալ աշխատանք, ճկունություն, երբեմն բախում չի նախատեսում: Նստած մեղադրում ես բոլորին, որ դու ավելի վատ ես ապրում, սակայն, երբ գալիս է քաղաքական, քաղաքացիական որոշում կայացնելու ժամանակը, դու միանգամից քեզ բևեռացնում ես այդ գործընթացից, նշելով, որ քեզանից ոչինչ կախված չի: Հետաքրքիր է, թե ումի՞ց է կախված: Էդպես մի տեսակ ավելի կոմֆորտ է:

Եթե քաղաքացին ինքնաբևեռացվում է, նրա տեղը զբաղեցնում են ուրիշները և դա ինչ-որ առումով բնական է: Սակայն այս պարագայում այդ «քաղաքացին» այլևս բողոքելու, ուրիշներին մեղադրելու բարոյական իրավունք չունի: Այս ամենը, կարծում եմ, մեր «քաղաքացին» շատ լավ գիտակցում է, սակայն ամենից վատը այն է, որ նա որևէ ցանկություն չունի որևէ բան իր քաղաքացիական վարքում փոփոխելու.... Ու այսպես նա տարեց տարի «քաղաքացի» մնալու փոխարեն վերածվում է «ընտրազանգվածի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել