Tert.am-ը գրում է.
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանը Ազատության հրապարակում հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կեղծիքներով է անցնում, հետևաբար որևէ լեգիտիմություն չի կարող ունենալ: 

Նա նշեց, որ տարբեր ահազանգեր են ստացել ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ: Մասնավորապես, մի շարք ահազանգեր ստացվել են 7-րդ ընտրատարածքի վերաբերյալ, որը տեղակայված է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: 

«7/33 տեղամասի առջև գազելների մեջ գումար են բաժանում: Հատկապես 7-րդ ընտրատարածքն առաջնության դափնեպսակը վերցրել է: 7/23 տեղամասում լրացուցիչ ցուցակներով 116 մարդ է եկել քվեարկելու, որոնք բոլորն ինչ-որ խմորեղենի ցեխի աշխատողներ են, 7/22 տեղամասում, որը տեղակայված է 105 դպրոցում, կանխվել է առանց ստորագրելու քվերթերթիկներ վերցնելու փորձը”,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ այս անգամ խիստ առանձնահատուկ են հանձնաժողովների անդամների նկատմամբ ճնշումները: Գրանցվել են դեպքեր, երբ ՀՀԿ շահերը պաշտպանող անձինք ընտրատեղամասեր են ներկայացել Ժառանգության վստահված անձանց վկայականներով: Նա նշեց, որ օպերատիվ ձևով կանխել են այդ անձանց գործունեությունը և կարծում են, որ վկայականները կեղծել են: Ստացվել են նաև ահազանգեր՝ ընտրատեղամասեր խմբերով մարդիկ բերելու վերաբերյալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել