-Սիրահարվել էի, էն էլ` վիրտուալ աշխարհում. տարօրինակ բան չկա:

Առավոտյան մատս տարա սուրճի մրուրի մեջ: Մայրս կետում հոգատար կին նկատեց, հետո կատակելով պայմանավորվեցինք մի գեղեցիկ աղջիկ գտնել ցանցում ու ծանոթություն հաստատել:

Ես թղթի վրա գրել էի ճաշակիս համապատասխան չափանիշները՝ լուսավոր աչքեր, երկար ու մոխրագույն վարսեր, վերջինն այդքան էլ կարևոր չի, թեկուզ ճաղատ, բայց հասակով, որպեսզի ձեռքերի ափերը երկարավուն լինեին: Դա իր պատճառն ուներ. երազում էի` երկար ափերով մի աղջիկ միշտ փակեր իմ աչքերը: Ինձ թվում էր` խաբկանքի կտայի կուրությունս ու սևը կվերագրեի քնքուշ ափերին: Մայրս պետք է փնտրեր իմ ուզածին այս անկայուն կանոններով: Մորս փնրտուքը երկար չտևեց: Ամբողջ մի օր նստեցինք համակարգչի առաջ, հետո հաղթական ձայնով ասաց, որ գտել է իմ նկարագրածին ու զվարթությամբ ասաց, որ միայն մազերն են շեկ: Ես դրան կարևորություն չտվեցի, խաղը գրավել էր ինձ, անկեղծ ասած սպասում էի սիրո կանչին ու դրանից գլխապտույտ էր առաջանում:

…Գիտեի, որ օր օրի մոտենում ենք: Դա մորս շնորհիվ մեծանում էր, ու ամեն մեկի հետ օղակը նեղանում էր նրա շուրջը: Ամեն անգամ ոգեշնչվելով ներքին ձայնից՝ խոսում էի նրա հետ.

-Ահա՛, սկսեցիր նկատել ինձ: Երբ մկնիկդ ընկերներիցդ որևէ մեկի նկարին սեղմում ես, միշտ կողքից ժպտում եմ քեզ (դա և մնացած մանրամասները մայրս էր բացատրում):

Մայրս ասաց, որ հասունացել է նրան գրելու ժամանակը: Հուզվում էի. առաջին անգամ կապ էի գտնելու իմ սև մոլորակի լուսավոր տիրուհու հետ: Այսպիսի հին, բայց դեռ սիրելի խոսքերով էլ շարադրեցի նամակս (ծանոթության վերաբերյալ): Նրա պատասխանը մայրս կարդաց: Կարծես թե դեմ չէր ծանոթանալուն, մանավանդ, իր խոսքերով ասած, խելացի մարդ էի երևում…

Մի քանի ամիս էր՝ խոսում էինք: Ամեն գրելուց ձեռքերս դողով էին շոշափում տառերին փակցված բրայլյան գիրը, զգում էի նրա զարկը` սիրո զարկը…

Մայրս ուրախությամբ հայտարարում էր, որ մոտս անցել էր մելամաղձության քորը, իսկ ես սուզվել էի լուսավոր մի աշխարհ: Չգիտեի, որ վիրտուալ կուրությունը նույնպես կարողանում է ծնել սիրո թրթիռը, և դա արվեց մեղմ ու առանց շատախուսության տանող բացականչությունների: Դրա համար պարտական եմ անտես տիրուհուս նրբանկատությանը: Կույրի համար դժվար չէ երևակայել, որ տառերից Ա-ն նրա իրանն է, ու այդպես էլ փայփայում էի ամեն խոսքս:

Հաճախ շատ էինք խորանում մեր զգացմունքների մեջ, ու ամաչելով լսում էի մորս կերկերուն շշուկները` այդ հարազատ հնչյունները, որոնք լսում էի գայլի պես ականջներս խլշտած, և որոնք երբեմն ընդհատվում էին մորս հոգոցներով…

Չնայած մայրս համոզում էր, որ դեռ շուտ է դրա համար, բայց ես սկզբունքիս մնացի ու գրեցի ճշմարտությունը: «Իրականում ես կույր եմ: Քեզ միշտ տեսնում եմ յուրաքանչյուր բառի մեջ, այս բառերը լույսի ճերմակ հետք են թողնում մթությանս մեջ: Գիտեմ, հազարավոր դեպքեր գիտեմ, երբ չեն ցանկացել կույրի հետ կապել իրենց բախտը: Ես ամեն բան գիտակցում եմ ու կհասկանամ, եթե լռես … ֆիլմերին, գրքերին, ու մտավոր խոցերին տուրք չտաս, սուտ կլինի ինքնախաբեությունը, անմիջապես շնչառությունդ կմատնի դա…իսկ եթե, այնուամենայնիվ, ոչ, ապա հենց այսօր կցանկանայի հանդիպել քեզ հետ»: Այդ օրը պատասխան չեղավ, մայրս լուռ էր…

Մյուս օրը` նույնպես, իսկ մայրս կողքիս զգում էր տառապանքս…

Նախորդ օրվա գիշերն ու երրորդ օրվա լուսավոր ժամը, նստած մորս կողքին, իրար հետ ոչ մի բառ չփոխանակելով, սպասեցինք պատասխանի: Երեկոյան մայրս սկսեց անորոշ բաներ շշնջալ, հետո արտասվելով համբուրում էր ձեռքերս: Սիրտս մղկտաց կասկածից, ու ամեն ինչ հասկացա, պոկեցի տառերին սոսնձված գիրը, հետո սարսափած բռունցքս շեղելով ուղղությունից`ջարդեցի ատելի համակարգիչը:

Հիշեցի շեկը. մայրս վերջերս էր տեղեկացրել մազերի գույնը փոխելու մասին…

Լևոն Շահնուր

Աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել