Նոյմեբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը խոցեց ռուսական Սու-24 ինքնաթիռը, ինչը, բնականաբար, բացասական ազդեցություն ունեցավ ռուս-թուրքական հարաբերությունների վրա:
Առաջին լուրջ պատասխան քայլը Ռուսաստանի կողմից երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրն էր Ռուսաստանի և նրա քաղաքացիների անվտանգության ապահովման և Թուրքիայի դեմ «հատուկ տնտեսական միջոցառումների» կիրառման մասին:
Բացի նրանից, որ հրամանագիրը սահմանափակումներ է մտցնում մի քանի ոլորտներում, դրանով արգելվում է նաև մի շարք ապրանքների ներմուծումը Թուրքիայից:
ՌԴ կառավարությունն արդեն հրապարակել է այն ապրանքների ցանկը, որոնք արգելվելու են Ռուսաստան ներմուծել 2016-ի հունվարի 1-ից: Դրանք են հավի և հնդակահավի միսը և դրանից պատրաստված ապրանքները, մեխակները, պոմիդորը և տոմատները սոխը, կաղամբը, բրոկոլին, վարունգը, նարինջը և մանդարինը, խաղողը, խնձորը, տանձը, ծիրանը, դեղձը, սալորը, մորին, ելակը, ինչպես նաև աղն իր բոլոր տեսակներով:
Բոլորս էլ գիտակցում ենք, որ սա լավ հնարավորություն է մեր արտադրողների համար՝ թուրքական ներկայությունից ազատված շուկայի մի մասը զբաղեցնելու համար:
Անշուշտ, սա առաջին հերթին վերաբերում է գյուղմթերքներին:
Հայկական շինարարական կազմակերպությունները ևս հնարավորություն են ստանում Ռուսաստանում գործելու՝ եկամտային հարկի արտոնություն ունենալով:
ՀՀ կառավարությունը ևս իր կողմից քայլեր է ձեռնարկում ստեղծված հնարավարություններն օգտագործելու համար: Օրերս հայ արտահանողների հետ հանդիպման ժամանակ կառավարությունում ներկայացվել են թուրքական ապրանքների նկատմամբ արգելանքի պարագայում հայկական արտադրանքի արտահանման ծավալն ավելացնելու հնարավորությունները: Վարչապետը կառավարության պատրաստակամությունն է հայտնել աջակցելու արտահանման ավելացմանը: Առաջիկայում կառավարությունում գործարարների հետ նոր հանդիպումներ են սպասվում այս հարցի շուրջ քննարկումների և գործնական քայլերի ձեռնարկման նպատակով:
Պտուղ-բանջարեղեն արտահանող շուրջ 20 ընկերությունների ներկայացուցիչների և անհատ ձեռներեցների հետ հանդիպել է նաև գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նա նույնպես հորդորել է օգտագործել դեպի Ռուսաստան արտահանման ավելացնելու նոր հնարավորությունները:
Հ.Գ. Սա շատ լավ հնարավորություն է հայ գործարարների համար, մնում է, որ նրանք կարողանան օգտվել դրանից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել