Իրաքի քրդերը հանդես են եկել սենսացիոն հայտարարությամբ։ Իրաքի քրդական ինքնավարության խորհրդարանի էներգետիկ հարցերի հանձնաժողովի նախագահ Շերկո Ջավդաթը հայտարարել է, որ Ռուսաստանի ՊՆ-ի կողմից ցուցադրված արբանյակային ու ԱԹՍ-ներով արված կադրերում քրդական նավթատարներ են։ Հիշեցնեմ, որ ավելի վաղ ռուսական կողմը պնդում էր, որ դրանք թուրքական են ու պատկանում են Էրդողանի ընտանիքին։
Այս նոր զարգացման գլխավոր պատասխանատուն, անկասկած, Միացյալ Նահանգներն են, որոնք չեն կարող իրենց թույլ տալ ուղղակիորեն սատարել իրենց թուրք դաշնակցին, ուստի ասպարեզ են նետել իրենց խամաճիկներին, իսկ իրաքյան քրդերն Ամերիկայի գլխավոր խամաճիկներից են Մերձավոր Արևելքում։ Ուստի զարմանալի չէ, որ առաջին հայացքից թուրքերի ոխերիմ թշնամի իրաքյան քրդերն անսպասելիորեն գալիս են օգնության էրդողանին։
Դեռ Իրաքյան պատերազմից անմիջապես հետո ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հայտարարել էր, որ իրենց հիմնական խաղաքարտը դառնում են քրդերը, ու ԱՄՆ-ը անթաքույց մանիպուլացնում էր թե՛ քրդերին, թե՛ տարածաշրջանային տերություններին՝ Ազատ Քուրդիստան ստեղծելու հեռանկարով։ Բացի այդ աբստրակտ գաղափարից՝ ամերիկացիներն ամբողջովին հպատակեցրել են Իրաքի քրդերի վերնախավին՝ հնարավորություն տալով նրանց տնօրինելու Մոսուլի ու Քիրքուքի նավթահանքերից ստացվող հսկայական եկամուտների մի մասը, այնպես որ, իրաքյան քրդերի վերնախավն ԱՄՆ-ի հլու-հնազանդ կամակատարն է, ու եթե նրանց կարգադրվի մորթել իրենց սիրիական ցեղակիցներին, նրանք պատրաստակամ կկատարեն դա էլ, այնպես որ, ոչ մի զարմանալու բան չկա, որ հիմա նրանք սատարում են նույն այն Թուրքիային, որ կոտորում է իրենց ցեղակիցներին ու հենց իրենց՝ պարբերաբար օդային հարվածներ հասցնելով Փեշմերգայի դիրքերին ու բազաներին։

Սակայն մեծ հաշվով սա ոչինչ չի փոխում։ Դատելով Պուտինի վճռականությունից՝ նա որոշել է մինչև վերջ գնալ ու հույսը բնավ միջազգային հանրության արձագանքի վրա չի դրել։ Կարծում եմ՝ արդեն ամենամոտ օրերս մենք կտեսնենք ռուս-թուրքական հարաբերությունների հետագա վատթարացում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել