Այն, ինչ կատարվում է Ազատության հրապարակում արդեն մեկ օր էլ չանցած, դժվար է անվանել այլ կերպ, քան խեղկատակություն։ Հարցը նրանում չէ զուտ, որ մարդկանց թիվն է ծիծաղելու աստիճան սակավ, հարցն այն չէ, որ հանրահավաքի կազմակերպիչներն անգամ չեն բարեհաճում գիշերել իրենց սակավաթիվ կողմնակիցների կողքին ու կրել այն դժվարությունները, որոնք կրեցին այդ 20 հոգին, ովքեր գիշերն այնտեղ էին մնացել։

Հարցը նրանում է, որ բացարձակապես ոչ մի ասելիք չունեն մարդիկ։ Հասկանո՞ւմ եք՝ ՈՉ ՄԻ ասելիք։ Այնպիսի տպավորություն է, որ անում են՝ անելու համար, որ հետո մի տեղ հաշվետվություն ներկայացնեն, որ պարտադիր հավաքը կայացվեց, ստանդարտ մոդելի ելույթները հնչեցին, ու հանձանարարությունը կարելի է կատարված համարել։
Մեր արդի ընդդիմադիր դաշտի ու հատկապես Ազատության հրապարակում հավաքվածների հիմնարար խնդիրը կայանում է նրանում, որ բացակայում են առաջնորդներ, ովքեր պատրաստ են որևէ տիպի զոհողություններ անել՝ նույնիսկ իրենց անձնական հարմարավետության առումով, բացակայում է հետևորդների այն կուլտուրան, որ բևեռացումից պետք է խուսափել ու կառուցողական դաշտում մնալ, ինչն օգնում է խուսափել «Մահ ռեժիմին» խայծը կուլ տալուց ու հավերժ սպասումների մեջ մնալուց։
Մյուս կողմից, այս ամենն օրինաչափ էր, որովհետև չէին կարող իրենց քաղաքական ռեսուրսն այս աստիճան սպառած ու իրենց մարգինալացրած ուժերն այլ բան անել։ Հիմա ողջ հարցը կայանում է նրանում, թե քանի օր կտևի այս խեղկատակությունը, և ինչ սադրանքների են պատրաստ կազմակերպիչները, որպեսզի գոնե եղած չնչին թիվը պահեն մասնակիցների, իսկ հնարավորության դեպքում ավելացնեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել