Երեկ առանց անուններ տալու փորձել էի ընդհանրացնել ներկայումս քաղաքական դաշտի փողոցային դերակատարների գործողություններն ու սպասվող գործընթացները։ Ցավով պետք է արձանագրեմ, որ այս անգամ էլ չսխալվեցի։
Երեկվա տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան հերթական դեպրիվացիայի տրամաբանական սկիզբ։ Նախ՝ հրապարակում հավաքված քաղաքացիների թիվն այդքան էլ աննախադեպ չէր (իհարկե, եթե հաշվի չառնենք այն, որ նախախորհրդարանի հանրահավաքներին երբեք այդքան մարդ չէր հավաքվել)։ Հրապարակում առավելագույնը 2500-3000 հանրահավաքի մասնակից կար։ Ըստ էության, հարթակի հռետորիկան ևս բավականին խոցելի էր։ Հայկական իրականությունը մի քանի անգամ ապացուցել է, որ հայրիկյաններով ու հմայակհովհաննիսյաններով փոփոխության հասնելը գործնականում ավելի անհնար է, քան միջուկային զենք ունենալը։ Էլ չխոսած Րաֆֆի Հովհաննիսյանի «բադասխաններ պահանջելու և հաղթանակներ բերելու» արդեն խրոնիկական բնույթի մասին։
Մինչև հանրահավաքի մեկնարկը և դրա ընթացքում բանախոսներն անընդհատ խոսում էին «խաղաղ անհնազանդության» մասին, իսկ հարթակից հնչող կարգախոսները, մեղմ ասած, կապ չունեին խաղաղ անհնազանդության հետ. «մահ ռեժիմին», «մենք պատերազմի դաշտում ենք», «հակառակորդ» և այլն։
Հանրահավաքի ընթացքում բազմիցս հայտարարվեց, որ իրենք ունեն հստակ քայլերի հաջորդականություն և մի բան հստակ գիտեն՝ «տուն չեն գնալու, մնալու են», բայց այդպես էլ հարցական մնաց, թե որտեղ են մնալու, իսկ վերջում ստիպված մնացին Ազատության հրապարակում։ Իսկ հստակ քայլերի հաջորդականությունը պայմանավորված էր ՀՀԿ-ի դիմաց Րաֆֆու՝ ծաղիկ դնելու անհրաժեշտությամբ։
Մի խոսքով, երեկվա «անհնազանդության» ամենահոդաբաշխ մասը հերթապահ «էքսկուրսիան էր քաղաքի կենտրոնով», և ցավալիորեն ստիպված ենք արձանագրել, որ նմանատիպ «էքսկուրսիաներ» դեռ շատ ենք տեսնելու, իսկ Րաֆֆին այդպես էլ ծաղիկները ձեռքին տուն գնաց։
Հ.Գ. Երեկվա իրադարձությունները մեկնաբանելիս բավականին դժվար է քաղաքական սատիրայի գայթակղությանը չտրվելը, բայց ես փորձեցի հնարավորինս զուսպ լինել ուստի, ինչպես ասում են, «ավել, պակաս՝ կներեք»։ Վերջում միայն մի շատ կարճ դիտարկում. ցավալին ոչ թե քաղաքական մարգինալ խմբակների հարթակում հայտնվելն է, այլ այն պարզ իրողությունը, որ նմանատիպ ցածրակարգ և հակաքաղաքագիտական ու անտրամաբանական գործընթացն ունի իր սպառողները։ Մեր քաղաքացիների որոշակի հատվածի շրջանում հուսահատությունն ու իշխանությունների հանդեպ ունեցած զզվանքն այն աստիճանի է հասել, որ պատրաստ է նույնիսկ նմանատիպ՝ հերթապահ միջոցառումներ սպասարկել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել