Հիշում եմ, 1999թ. դեկտեմբերի ավարտն էր: Մոտենում էր 2000 թվականը, և միլլենիումի մերձեցումը տակավին մանկական իմ հոգում սարսափ էր առաջ բերում, քանի որ ակտիվ քննարկվում էր այն, որ 2000 թվականով աշխարհի վերջը պիտի լինի: Փա՛ռք Աստծուն, աշխարհն այսօր դեռևս կա: Անցել է 12 տարի, ու այսօր էլ, ականջներիս կոշտուկներ անելով, լրատվական ու գիտահանրամատչելի բոլոր ռեսուրսները փորձում են մեկնաբանել 2012-ի դեկտեմբերի 12-ին կամ 21-ին իբր տեղի ունենալիք աշխարհի վերջը` մայաների ինչ-որ օրացույցի, Տիբեթի Լամայի խոսքերի, Վանգայի կանխագուշակումների, մեր հարևան Արշամ և Գևորգ պապիների նստարանային բանավեճերի վրա հիմնվելով... Է հետո՞... Բա՛վ է վերջապես, ժողովո՛ւրդ: Պաշտոնապես 90%-ից ավել քրիստոնյա բնակչություն ունեցող Հայաստանում (դեռ չեմ խոսում աշխարհի քրիստոնյաների մասին) քանի՞սդ է մտածել. «Իսկ ի՞նչ է այս մասին ասում իմ Աստված` Հիսուս Քրիստոսը», քանի՞սն է բացել Աստվածաշունչը և ընթերցել աշխարհի վերջի օրվա մասին սրբազան այն տողերը, որ ասում են` «Սակայն այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտե. ո՛չ հրեշտակները երկնքում և ո՛չ էլ՝ Որդին, այլ միայն՝ Հայրը։ Զգո՛ւյշ եղեք, հսկեցե՛ք ու աղոթեցե՛ք, քանի որ չգիտեք, թե ե՛րբ է ժամանակը» (Մարկ. 13:32-33): Թեսաղոնիկեցիներին ուղղված նամակում էլ Պողոս առաքյալն է ասում. «Եղբայրնե՛ր, բայց ժամերի և ժամանակների մասին կարիք չկա ձեզ գրելու, որովհետև դուք ինքներդ իսկ ստույգ գիտեք, թե Տիրոջ օրը այնպես է հասնում, ինչպես գողը՝ գիշերով» (Ա Թեսաղ. 5:1-2):

Այո՛, քրիստոնեություն ունի իր հստակ վարդապետությունը աշխարհի վախճանի, Քրիստոսի Երկրորդ Գալստյան և Հավիտենական դատաստանի մասին (կարդա՛ Մարկ. 13), սակայն մի բան հստակ է` ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՄԱՆԱԼ ԱՍՏԾՈ ՆԱԽԱՍԱՀՄԱՆԱԾ ՕՐԸ և ԺԱՄԱՆԱԿԸ (այս մասին խոսել ենք դեռևս ԴՈՒ ՓՐԿՎԱԾ ԵՍ հոդվածում): Եվ հիմա՞... Ի՞նչ հանդուգն ձեռք է առաջացրել այս քաոսը, ինչպիսի՞ ամբարտավանություն է արհամարհում Աստվածաշնչյան ճշմարտությունը...

Ստեղծված այս կացությունը` կարծես երկսայրի սուր, երկակի ծայրահեղություն և վտանգ է առաջ բերում, մեկը՝ աղանդավորական, մյուսը` աթեիստական:

Աղանդավորական - Կրոնական ոչ ուղղադավան բազմաթիվ կազմակերպություններ (աղանդներ) տարբեր դարաշրջաններում բազմիցս են հայտարարել աշխարհի վերջի օրվա և ժամի մասին և ամեն անգամ սխալվելուց հետո շարունակել են խաբել մարդկանց, թե Աստված գթառատ է գտնվել ու որոշել է հետաձգել այդ օրը: Համենայն դեպս, ձախողումներից հետո էլ դրանք չեն դադարել ու չեն դադարում նշանակել Արմագեդոնի հստակ օրերը: Ի՞նչ նպատակ են այս կեղծ հայտարարությունները հետապնդում: Պատասխանը մեկն է` ՎԱԽ, ՍԱՐՍԱՓ, ՏԱԳՆԱՊ: Տագնապային վիճակում հայտնված հավատացյալներին հեշտ է կառավարելը, միայն թե դու ցույց տաս նրանց «ճշմարիտ ելքը»: Այս դեպքում հաջողությունդ, ո՛վ սարսափազդու, կայացած է: Պատահական չէ, որ 2012-ի այս տագնապից խուսափելու համար շատերը մանկական միամտությամբ շտապում են գնել բունկեր-թաքստոցներ ու բնակարաններ, տարածքներ լուսնի վրա, ջրի և սննդամթերքի մեծ պաշարներ, հեռանում են քաղաքներից դեպի լեռները. կարծես այդ տեղերում Աստծո դատաստանն իրենց պետք է շրջանցի: Միանշանակ է, որ այսօր շատերը, և անգամ քրիստոնայաներ, ընկել են կեղծ վախի այս թակարդի մեջ: Միայն դեկտեմբեր 21-ից հետո նրանք խորը շունչ կքաշեն ու կմտածեն. «Լավ պրծանք»: Բայց խոստանում եմ՝ նորանոր թվեր ու ժամկետնր են դեռ ծնվելու:

Աթեիստական - Աշխարհի վախճանի մասին մյուս ծայրահեղությունը անհավատություն առաջ բերելու մեծ վտանգ ունի: Բավական է ուշադրություն դարձնենք մարդկանց մեկ այլ խմբի վերաբերմունքին հնչող հայտարարությունների հանդեպ, կտեսնենք, որ նրանք աշխարհի վերջի մասին լուրերին վերաբերում են ՔԱՄԱՀՐԱՆՔՈՎ, ԾԱՂՐՈՎ կամ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ: Անշուշտ սա ճիշտ կեցվածք է, եթե խոսքը մայաների կամ գուշակությունների, սարսափ ներշնչող կեղծ հայտարարությունների մասին է, բայց... Նմանատիպ սադրանքները և աշխարհի վերջի մասին «սփամային» հայտարարությունները սպառնում են խամրեցնել, բթացնել ու թմրեցնել մարդկանց, շեղել նրանց ուշադրությունը Քրիստոսի իրական գալուստից, որպեսզի, երբ իրապես հասնի այդ ժամանակը, ոչ ոք այլևս դրա ճշմարտացիությանը չհավատա:

Եվ ամենավերջում մի շատ պարզ ու նույնքան անորոշ հարց է մնում: Եթե աշխարհի վերջը իսկապես այդքան մոտիկ լիներ, եթե այն լիներ հենց այսօր, ի՞նչ ես անում դու փրկվելու համար: Չէ՞ որ այդ օրը վաղ թե ուշ պետք է հասնի, ինչպե՞ս ես պատրաստվում դիմավորել այն: Բոլորս պիտի ննջենք, ապա կանգնենք Տիրոջ դատաստանի առաջ` առակի տասը կույսերի նման (Մատթ. 25:1-13) և աղերսենք Քրիստոս-փեսային ներս թողնել մեզ: Արդյոք բավարար ձեթ ունեն՞ք: Արդյո՞ք բավարար չափով հոգում ենք մեր փրկության համար... Մոտավոր պատկերը, ըստ «Որքանո՞վ ես քրիստոնյա» թեստի արդյունքների, կարող ենք դիտել ստորև`

Ահա ա՛յս` սեփական հոգու փրկությունը, պետք է լինի մարդկային մեր մտահոգության առիթը, իսկ աշխարհի վերջի օրը և ժամը թողնենք Աստծո որոշմանը:

Արդ, արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք, թե տանտերը ե՛րբ կգայ՝ երեկոյա՞ն, թե՞ կեսգիշերին, աքլորականչի՞ն, թե՞ առավոտյան դեմ։ Գուցէ հանկարծակի գալով՝ ձեզ քնի մեջ գտնի։ Բայց ինչ որ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում՝ արթո՛ւն կացեք» (Մարկ. 13:35-37
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել