Նոյեմբերի 27-29-ը Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում անցկացվեց սամբոյի սպորտի վաստակավոր վարպետ Աշոտ Մարգարյանի մրցանակների միջազգային 12-րդ խաղարկությունը: 6 քաշային կարգերում ստուգատեսի պարգևները խաղարկեցին ՌԴ-ի մարզերի, Բելառուսի, Ուկրաինայի, Վրաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Հայաստանի 15 թիմերի 110 մարզիկներ: Մասնակիցների թվում էին սպորտի վաստակավոր՝ 5, միջազգային կարգի սպորտի՝ 21 և 55 սպորտի վարպետներ:
Մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցում էին 22 հայազգի սամբիստ, որոնցից երկուսը՝ բանակայիններ՝ միջազգային վարպետ Արեն Անտոնյանը (57կգ) և սպորտի վարպետ Դավիթ Գրիգորյանը (82կգ) ներկայացնում էին Հայաստանը: ՀՀ պատվիրակներին այս անգամ չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Նրանք երկուսն էլ բավարավեցին 9-րդ տեղով:
Իսկ ահա ՌԴ-ի Կրասնոդարի երկրամասը ներկայացնող հայազգի 20 սամբիստներից 9-ն անմասն չմնացին խաղարկվող պարգևներից: Նրանք ընդհանուր առմամբ նվաճեցին խաղարկված 24 պարգևներից 9-ը, այդ թվում՝ 2 ոսկե, 4 արծաթե և 3 բրոնզե մեդալ:
Այսպես, 82կգ քաշային կարգի հաղթող ճանաչվեց Սամվել Գալստյանն, իսկ 90կգ-ում էլ իրեն հավասարը չունեցավ Դավիթ Հովհաննիսյանը: Նրանք ոսկե մեդալից ու համապատասխան կարգի հավաստագրերից բացի արժանացան 90 հազարական ռուսական ռուբլի պարգևավճարի: Նկատենք, որ արծաթե և բրոնզե մեդալակիրներն իրենց հերթին ստացել են համապատասխանաբար 50 հազար և 20 հազար ռուսական ռուբլի պարգևավճար:
Արժանահիշատակ է նաև թերևս այն, որ 90կգ քաշային կարգում ռուսաստանաբնակ սպորտի վարպետ Դավիթ Հովհաննիսյանն իրենից ետ թողեց իր տիտղոսակիր հայրենակիցներին՝ այս քաշային կարգում արծաթե և բրոնզե մեդալի ու համապատասխան դրամական պարգևավճարների արժանացած աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ ու աշխարհի գավաթակիրներ դարձած սպորտի վաստակավոր վարպետներ Էդուարդ Կուրղինյանին (2-րդ տեղ) և Արսեն Խանջյանին (3-րդ տեղը):
Մարգարյանի մրցանակների խաղարկության մրցանակակիրներ դարձան նաև հետևյալ հայազգի սամբիստները՝
57կգ՝
2. Ոսկան Պողոսյան, Կրասնոդարի երկր.
3. Միքայել Դանիելյան, Կրասնոդարի երկր.
62կգ՝
2. Արմեն Ավագյան, Կրասնոդարի երկր.
3. Վիտալի Սահակյան, Կրասնոդարի երկր.
82կգ՝
2. Լևոն Մաթևոսյան, Կրասնոդարի երկր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել