Սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումը և քարոզարշավը վերածվել է իսկական խառնաշփոթի, քանի որ քաղաքական այն ուժը, որն առաջ է քաշել սահմանադրական փոփոխությունների նախագիծը, այն չի բխեցրել իր կողմից ընդունված արժեքներից և գաղափարախոսությունից։ Թերևս, ՀՀԿ-ն առաջին անգամ չէ, որ ոտնահարում է իր իսկ արժեքներն ու գաղափարախոսությունը, սակայն սահմանադրության նման նախագիծ առաջ քաշելը պարզապես ամենածայրահեղ հակասություններն են ստեղծում:

Այսպիսով, իրեն ազգային պահպանողական, ցեղակրոն նժդեհյան գաղափարներ և Հայ առաքելական եկեղեցու ավանդույթները վերապահած կուսակցությունն առաջ է քաշել ծայրահեղ լիբերալ, ցեղակրոն, նժդեհյան գաղափարներին հակասող, Հայ առաքելական եկեղեցու ավանդույթները ոտնահարող սահմանադրություն: Իսկ ահա սահմանադրական փոփոխություններին դեմ գնացող հիմնական քաղաքական ուժերը` ՀԱԿ-ի գլխավորությամբ, լիբերալներ են, և իրենց գաղափարները լիովին համապատասխանում են նոր սահմանադրությանը։ Ուստի, քանի որ ՀԱԿ-ը ոչ թե ՀԱԿ է, այլ պարզապես հակ է հանրապետականին, այն առանց քննարկման մերժում է իշխանության ցանկացած քայլ կամ առաջարկության: Եվ նման քաղաքական ուժն էլ ի՞նչ պետք է անի, եթե ոչ պարզապես կենտրոնանա վերարտադրության թեզի վրա: Վերջինս էլ ստվերում է թողնում Սահմանադրության բովանդակային քննարկումը: Ինչի՞ համար էլ կցանկանայի ուշադրություն հրավիրել բովանդակային մի քանի կետի:

Այսպես, նախագահական հանրապետությունից անցումը խորհրդարանականի միանշանակ գցում է միջազգային հարաբերություններում մեր պետության կշիռը, քանի որ ժողովրդի կողմից անմիջական ընտրված նախագահը, ով ունի նաև իր առաջ դրված որոշակի կառավարման ժամկետ, ավելի բարձր կարգավիճակ է իրենից ենթադրում՝ հետևաբար ավելի բարձր մակարդակով է ներկայացնում պետությունը, քան խորհրդարանի կողմից ընտրված վարչապետը, ով յուրաքանչյուր րոպե կախված է խորհրդարանական մեծամասնությունից: Այս հարցի շուրջ շատ են հնչում այն հակադիր կարծիքները, թե ինչով են թերի միջազգային հարաբերությունների այն խաղացողները, որոնք ունեն կառավարման խորհրդարանական համակարգ: Վերջինիս պատասխանն այն է, որ խորհրդարանական են այն պետությունները, որոնք ունեն նախ՝

• քաղաքական կարգավիճակ չունեցող, բայց մեծ հեղինակություն վայելող միապետ, որի կարգավիճակը ունի քաղաքական մեծ նշանակություն (օրինակ՝ Մեծ Բրիտանիան),

• երկրորդ համաշխարհային պատերազմում պարտված երկրներ, որոնց Սահմանադրությունը գրվել և պարտադրվել է թշնամի երկրի կողմից, (օրինակ` Ճապոնիա, Գերմանիա),

• նախկին գաղութներ հանդիսացող երկրներ, որոնց սահմանադրությունն իջեցվել է գաղութատերերի կողմից՝ ապագայում նույնպես ազդեցությունը չթուլացնելու նպատակով (Կանադա, Ավստրալիա, Հնդկաստան և այլն):

Հարկ է նշել, որ եվրոպական երկրների մեծամասնությունը խորհրդարանական են, քանի որ այդ երկրներն իրենց արտաքին և ներքին կառավարումն իրականացնելիս հաշվի են նստում ԵՄ-ի քաղաքականության հետ, որը հանդիսանում է նախկին ԽՍՀՄ-ի պես մի բան այլ գաղափարախոսությամբ: Վերջինս նույնպես թույլ է տալիս այս երկրներին չունենալ ուժեղ լիազորություններով և հեղինակությամբ օժտված նախագահ: Սակայն մեր պետությունը, որը թե՛ թշնամական, թե՛ բարեկամական հարաբերությունների մեջ է նախագահական կառավարման ձև ունեցող պետությունների հետ, պարտավորված է ունենալ ժողովրդի քվեն վայելող նախագահ:

Շատերը կհիշեն այն դեպքը, երբ մեր երկրի նախագահին ՌԴ պաշտոնական այցի ժամանակ դիմավորեց ՌԴ տրանսպորտի նախարարը նախագահի փոխարեն։ Կարելի է պատկերացնել, թե ինչ ավելի ցածր պաշտոնյա կդիմավորի վարչապետին սահմանադրական փոփոխությունների իրականացումից հետո: 
Բոլոր այն երկրները, որոնց հետ մենք ունենք բարեկամական հարաբերություններ, ունեն նախագահական կառավարման համակարգ անգամ, ԵՄ-ի՝ մեզ ամենաբարեկամ երկիրը՝ Ֆրանսիան, ունի կառավարման նախագահական մոդել: Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ բովանդակային առումով սահմանադրական փոփոխությունների նախագիծը նախատեսում է անցում կատարել նախագահականից խորհրդարանական կառավարման համակարգի, որը պրակտիկ քաղաքականության տեսանկյունից հակասում է Հայաստանի ազգային պետական շահերին։
Շարունակելի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել