«Փրկիչներն» էսօրվանից սկսում են անհնազանդության գործողությունները, չնայած ոչ մեկը նրանց հնազանդեցնելու հայտ չի ներկայացրել: Մի՛ տրորիր ուրիշի իրավունքները, ինչքան ուզում ես՝ անհնազանդ ապրի… լայնարձակ դաշտերում ու բարձր լեռներում: Բայց՝ կատակը մի կողմ. պատերազմը մեր դռանն է: Թուրքական բանակը Նախիջևանի տակ է (Երևանից 70-80 կմ), ադրբեջանցիք թուրքերի հետ սիլի-բիլի են անում, հարձակվե՞նք Հայաստան-Ղարաբաղի վրա, թե՝ ոչ: Վիճակը շիկացած է մինչև վերջ: Ու էս պայմաններում «փրկարար» անթրաշ-փնթի-հակահիգիենիկների խումբը որոշել է «բարենորոգել» երկիրը: Խորհուրդս՝ բարենորոգումը սկսեք ձեզնից՝ օրինակ, լողացեք, թրաշվեք, փոխեք ձեր մոնղոլա-թրքական խոսքն ու տեսքը, հետո անցեք ձեր շքամուտքերին, հետո՝ ձեր տներին, հետո մտածեք երկրի մասին, եթե մտածելու օրգանը լրիվ չի չորացել: Բայց կարծում եմ՝ չորացել է: Երբ որ տան շուրջը հրդեհ է, մի կրակ էլ տան ներսում չեն անում: Չկա՛ էդպիսի տրամաբանություն: Կա հակառակը. բոլորը միաբան ու միաբերան վրա են տալիս դրսի կրակին: Իսկ կրակը, կրկնում եմ, մեր դռանն է արդեն: Մի բաժակ ջրում փոթորիկ անողնե՛ր, գլուխներդ բարձրացրեք ձեր բաժակից, գոնե միջազգային լրահոսին հետևեք, տեսեք՝ ինչեր են կատարվում ու որտեղ են կատարվում, սովորական աշակերտական քարտեզին նայելով էլ կարելի է հասկանալ վտանգի չափը: Ու էս վիճակում ուզում եք ներսի՞ց պայթեցնել երկրի մոբիլիզացոն կարողությունները՝ խփելով պետական ինստիտուտներին, ուժայիններին, ժողովրդի ինքնապահպանման բնազդին ու պաշտպանունակությանը… Բոլոր ժամանակներում պաշարված ամրոցի ներսում խռովություն բարձրացնողը կոչվել է դավաճան… Ձեր անունը կարող եք դուք տալ. ինչ լեզվով կուզեք, բացի հայերենից, որովհետև այն երբեք դավաճանի լեզու չի եղել… Հիմա «փրկչական» երկու դեպք հիշեմ մեր ոչ հեռավոր պատմությունից ու փակեմ ողջամտության հերթական անհույս փորձս… 20 թվի մայիսին թուրքն էլի մեր դռանն էր: «Փրկիչ» բոլշևիկները Կարսում ու Ալեքպոլում ապստամբեցին դաշնակների «հանցավոր ռեժիմի» դեմ: Արդյունքը՝ Կարաբեքիրը հասավ համարյա Երևան, ու Հայաստանի Հանրապետությունը կործանվեց… Մի քանի ամսից արդեն դաշնակներն ապստամբեցին բոլշևիկների «հանցավոր ռեժիմի» դեմ: Արդյունքը՝ կորցրինք Կարսը, Սարիղամիշը, Սուրմալուն… Զուգահեռներն ակնհայտ են, իսկ պատմությունն անողոք է. երբ հայտնվում են «փրկիչներն» ու սկսում էքսպերիմենտ անել, ոտի տակ գնում են երկիրն ու ժողովուրդը: Քանի՜ անգամ ենք մեր կաշվի վրա զգացել էս դառնությունը՝ Տիգրանի Հայաստանից կծկվելով մինչև էսօրվա մի քիչը: Սա է՞լ եք ուզում «փրկել», ա՛յ ինքնակոչներ: Բա հետո գլուխը ո՞ր քարին տա անհայրենիք ու անպետություն «փրկված» ժողովուրդը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել