Կներեք, իհարկե, բայց ես այդպես էլ չհասկացա, թե «Նոր Հայաստան» շարժման՝ Ազատության հրապարակում հավաքվելու ու այնտեղից ոչ մի տեղ չգնալու պլանի իմաստը ո՞րն է, եթե դուք, ըստ էության, չեք հնչեցնում որևէ ծրագրային դրույթ ու մեծ հաշվով չեք ասում այլ բան՝ բացի «Մենք դեմ ենք ու վերջ»-ից։

Նման կեցվածք կարող է թույլ տալ իրեն ֆեյսբուքյան օգտատերը, հանրահավաքի շարքային մասնակիցը, բայց ոչ կազմակերպիչը քաղաքական ուժերի համար։ Ես էլ եմ դեմ սահմանադրական բարեփոխումներին, բայց պարզապես դեմ լինելը գրոշի արժեք չունի, եթե դուք որևէ այլընտրանք չեք առաջարկում։

Ասեմ ավելին, «Նոր Հայաստանի» այս նախաձեռնության մեջ ես հերթական սադրանքն եմ զգում, ու տպավորություն է, որ մեծ հաշվով նրանց խնդիրը ոչ թե սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարելն է, այլ սահմանադրական բարեփոխումներին ընդդիմանալը որպես պատճառ ու պատրվակ օգտագործելով՝ մարդկանց փողոց հանելն ու շահարկելն է։ Այլ կերպ ասած, կրկնվում է Բաղրամյանի ցույցերի սցենարը, երբ նույն այս կոնտինգենտն ուզուրպացրեց տրիբունը, և հաշված օրերի ընթացքում Բաղրամյանում մարդկանց թիվն իջավ հազարներից մի քանի տասնյակի։ Հիմա հավանաբար ուզում են դուբլ 2 անել ու ինչ-որ նոր մեթոդներ կիրառել, որպեսզի մարդկանց հնարավորինս երկար պահեն փողոցում, ու եթե դա այդպես է, ապա դա անկասկած ստորություն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել