Չնայած այսօր՝ դեկտեմբերի 1-ին, լրանում է լեգենդար ռեժիսոր Վուդի Ալենի 80-ամյակը, սակայն նա շարունակում է նոր ֆիլմեր ներկայացնել երկրպագուների դատին, ինչպես նրա վերջին՝ «Իռացիոնալ մարդը» ֆիլմն էր։

4 Օսկար, 24 «Academy Award», Ոսկե գլոբուս, «BAFTA» և այլ մրցանակների արժանացած Ալենը կինեմատոգրաֆիայի մեջ ստեղծել է մի նոր ժանր, որն ընդունված է անվանել «ինտելեկտուալ կատակերգություն»։

Վուդի Ալենի ամենասիրված ֆիլմերից են.

Էնի Հոլ

Filmstill Der Stadtneurotiker

Սա Ալենի 6-րդ ֆիլմն է, որը լույս տեսավ 1977թ.-ին, և որով ռեժիսորը բոլորովին այլ տեսանկյունից բացահայտվեց երկրպագուների համար։ Ֆիլմում ներկայացված է զույգի նյույորքյան սթենդ-ափ կոմիկ, հրեա նևրոտիկ Էլվի Սինգերի (Վուդի Ալեն) (ով ամեն տեղ հակասեմական դավադրություններ է տեսնում և արդեն 15 տարի է՝ հաճախում է հոգեվերլուծաբանի մոտ) և սկսնակ երգչուհի Էնի Հոլի (Դայան Քիթոն) սիրային հարաբերությունների սկիզբը, զարգացումն ու ավարտը։ Սյուժեն տեղ-տեղ ընդհատվում է հումորային բնույթի հատվածներով, որոնք վերաբերում են հերոսների անցյալին, հիշողություններին, ինքնավերարտադրմանը։

Մանհեթեն

Meryl Streep Manhattan

Ռեժիսորի հաջորդ գլուխգործոցը թողարկվեց 1979թ.-ին։ Ֆիլմում ռեժիսորը նկարահանվել է իր նախկին զույգ Դայան Քիթոնի և երիտասարդ Մերիլ Սթրիփի հետ։

Գլխավոր հերոսը՝ ոչ երիտասարդ մտավորականը, ոչ մի կերպ չի կարողանում որոշակիանալ իրեն դուր եկող բաներում, ինչի պատճառով խնդիրներ է ունենում սիրելի կանանց հետ: Առավել հետաքրքիր է այն ֆոնը, որի վրա կատարվում է այդ ամենը. մեծ, եռուն կյանքով Մանհեթենը, ինտլեկտուալ կյանքը, որը հիմնականում անգործության հետևանք էր, մտավորականության անիրազեկությունն ու տգիտությունը, որը պատրաստ է «դատավճիռ» տեսնել արվեստի ցանկացած ստեղծագործության հետ՝ առանց այն զգալու կարողության:

Կեսգիշերը Փարիզում

Ռոմանտիկ կատակերգություն երիտասարդ ամերիկյան զույգի մասին, ովքեր եկել էին Ֆրանսիայի մայրաքաղաք: Փարիզում նրանք ստիպված էին դիմադրել այն ցնորքին, որ կյանքը, որի հետ բախվել էին իրենք, ավելի լավն է, քան իրենց սեփականը: Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Հիլ Պենդերը (Օուեն Ուիլսոն), գիրք է գրում և երազում է հայտնվել 1920-ականների Փարիզում: Գիշերները Հիլն առանց իր հարսնացուի զբոսնում է գիշերային մայրաքաղաքում, և, հանելուկային ձևով հայտնվելով անցյալում, հանդիպում է իր լեգենդար կուռքերին՝ Հեմինգուեյին, Ֆիցջերալդին, Դալիին, Բունյուելին։

Վուդի Ալենի ամբողջական ֆիլմացանկը։

Վուդի Ալենի մտքերից.

Եթե դու ժամանակ առ ժամանակ չես ձախողվում, նշանակում է՝ ոչ մի նորարարական բան չես անում։

Եթե ցանկանում ես ծիծաղեցնել Աստծուն, պատմիր նրան քո ծրագրերի մասին։

Ես չեմ ցանկանում անմահության հասնել իմ աշխատանքի միջոցով։ Ես ցանկանում եմ անմահության հասնել չմահանալով։

Հաջողության 80 տոկոսը կախված է տանից դուրս գալուց ու ինչ-որ տեղ հայտնվելուց։

Փողն աղքատությունից լավ է, սակայն միայն ֆինանսական պատճառներով։

Օրինավորությունն ու ազնվությունը բավական թանկարժեք նվերներ են, և չարժե դրանք սպասել էժանագին մարդկանցից։

Յուրաքանչյուր մարդ բաղկացած է հոգուց և մարմնից։ Հոգին ընտրում է վսեմ բաները, օրինակ՝ պոեզիա կամ փիլիսոփայություն, իսկ մարմինն ուրախություն է ուզում. ես ընտրում եմ երկրորդը։

Մարդիկ բաժանվում են վատերի ու լավերի. լավերն ավելի լավ են քնում, փոխարենը վատերը հաճույք են ստանում քնից ազատ ժամերին։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել