Հայաստանում արդեն 24 տարի է, ինչ սեպտեմբերի 21-ը ոչ աշխատանքային է: Սեպտեմբերի 21-ին նշվում է Հայաստանի անկախության տոնը: 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ հանրաքվե, մասնակցեց ընտրական իրավունք ունեցող բնակչության շուրջ 94,5 տոկոսը, ավելի քան 99 տոկոսն «այո» ասաց անկախ, ազատ և ինքնիշխան պետություն ունենալու հայ ազգի երազանքին:

20-րդ դարում Հայաստանը երկու անգամ վերականգնել է անկախ պետականությունը: Ահա այդ պատճառով է, որ Հայաստանը, ըստ էության, ունի անկախության երկու տոն. սեպտեմբերի 21 և մայիսի 28: Հատկանշական է, որ այդ անկախությունները տրվել են աշխարհաքաղաքական առումով բավականին խրթին և անկանխատեսելի զարգացումների ֆոնին:

Անկախության տարիներին Հայաստանն ունեցել է բազմաթիվ նվաճումներ ու ցավալի կորուստներ: Ամենամեծ նվաճումն անկախ պետականության հռչակումն էր: Մեծագույն մյուս նվաճումը՝ արցախյան հաղթանակը:

Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադիրները պետականության հիմքում դրեցին համամարդկային այնպիսի գաղափարներ, ինչպիսք էին ազատ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական պետության կառուցումը, ազատ տնտեսական հարաբերությունների հաստատումը, երրորդ ուժերի թելադրանքից զերծ արտաքին քաղաքականություն վարելը, ազատ և անկախ մամուլ ունենալը: Սակայն այդ գաղափարների մեծ մասը վարկաբեկվեց հենց 1990-ական թվականներին, ինչն առաջ բերեց մեծ հիասթափություն ոչ միայն իշխանություների, այլ նաև անկախության գաղափարի նկատմամբ:
Հայ հասարակությունը կարծես թե չկարողացավ ընկալել անկախության գաղափարը, տպավորություն է, թե անկախությունը չափազանց հեշտ է տրվել մեզ: Եթե ավելի արմատական հայացք ձգենք հայ ժողովրդի` որպես մարդ, առավել ևս՝ քաղաքացի կայացման էվոլուցիային, հասկանալի կդառնա մի աքսիոմ. հայ մարդը մինչև 1831 թվականի ցարական Ռուսաստանի համառուսաստանյան առաջին մարդահամարը ոչ մի իրավական փաստաթուղթ չունեցող և բառացիորեն որևիցե մեկի ենթակայության հանդիսացող անհատ է եղել (կլիներ դա աղան, բելը, խանը, թե վալին ու պրիստավը, հային նայել են որպես ոչ թե որպես մարդ, այլ որպես երրորդ տեսակի ներկայացուցչի):

Ամփոփելով նշենք, որ հարկ է գնահատել ազգովի ձեռք բերված արժանիքներն ու վայելենք մեր անկախ ու սահմանադրորեն տրված երկրում արարելու հնարավորությունը, քանի որ հայ ժողովրդից շատ ավելի մեծ թվով ազգեր չունեն անգամ սեփական ազգային տոնը նշելու հնարավորություն:

Ի վերջո, անկախ ապրելն ու անկախություն ունենալը մշակույթ է, ինչպես իրավունքն ու պարտականությունը: Պետք է կարողանալ ճիշտ և դիվանագիտորեն մոտենալ «անկախությանը» և կարողանալ այն օգտագործել արդյունավետ:
Անկախ լինելն ու անկախություն ունենալը միջոցներ են, ամուր պետություն, պաշտպանված ժողովուրդ ունենալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել