Իշխանությունների տարանջատման սկզբունքը ժողովրդավարական պետության մեջ պետական իշխանության բանական կազմակերպումն է, որի առկայության պարագայում իրականացվում են պետության բարձրագույն մարմինների փոխադարձ վերահսկողությունը և փոխգործակցությունը` հակակշիռների և զսպումների համակարգի միջոցով։ Այս սկզբունքի էությունն այն է, որ միասնական պետական իշխանությունը բաժանվում է երեք հարաբերականորեն անկախ ճյուղերի` օրենսդիր, գործադիր և դատական։
Հայաստանում խնդրահարույց է եղել իշխանության ճյուղերից դատական համակարգի անկախության ապահովման հարցը: Բացի այդ, դատարանների նկատմամբ վստահության բարձրացման գործում առավել քան կարևոր է անկախ, անաչառ և անկողմնակալ դատարանների առկայությունը:

Սահմանադրական փոփոխությունների նախագծի գերնպատակներից մեկը հենց դատական համակարգի անկախության ապահովվումն է: Նախագծով որակապես ամրապնդվում են դատական իշխանության գործառութային, կառուցակարգային, նյութական ու սոցիալական անկախության երաշխիքները. անկախացման հստակ կառուցակարգեր սահմանելու միջոցով բարձրացվում է դատական իշխանության դերն իշխանության այլ թևերի հետ հակակշռման գործում:

Դատավորների արտաքին անկախության երաշխավորման համար էապես վերափոխվել է դատավորների նշանակման և նրանց լիազորությունների դադարեցման ընթացակարգը: Գործող սահմանադրությունը բոլոր ատյանների դատավորների, դատարանների նախագահների նշանակման և նրանց լիազորությունների դադարեցման հարցում վերջնական իրավասությունը կենտրոնացնում է հանրապետության նախագահի ձեռքում:

Մինչդեռ սահմանադրական փոփոխությունների նախագծով ապահովվում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների հավասարակշռված մասնակցությունը դատավորների նշանակման գործընթացին՝ դատավորների ընտրության հարցում առանցքային դերակատարություն վերապահելով անկախ Բարձրագույն դատական խորհրդին, որի սահմանադրական առաքելությունը դատական իշխանության անկախության երաշխավորումն է:
Կարելի է եզրակացնել, որ սահմանադրության նախագծով դատական իշխանությունը դառնում է իշխանության իրական թևերից մեկը, այլ ոչ թե լոկ ձևական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել