Չորս օր արդեն անցել է, ինչ Թուրքիան, մեղադրելով ռուսական ՍՈՒ-24 ռմբակոծիչին իր սահմանը խախտելու մեջ, ոչնչացրեց այն: Այս քայլն աննախադեպ լարվածություն առաջ բերեց ռուս-թուրքական հարաբերություններում: Սակայն այս պարագայում խնդիրը ոչ այնքան Անկարայի քայլի իրավական հիմնավորման, որքան միջադեպի նկատմամբ ռազմական ոչնչացման որոշում կայացնելու մեջ է:

Թուրքիայի նման քայլին հետևեցին ամենատարբեր մեկնաբանություններ ու փոխադարձ մեղադրանքներ: Սկզբում թուրքերը նշեցին, թե իրենց այդ քայլն ուղղված է եղել Թուրքիայի ազգային անվտանգության ապահովմանը, ապա հստակեցրեցին, թե նախ «օդաչուներին զգուշացրել են, հետո միայն քայլեր ձեռնարկել»: Հետո սկսեցին արդարանալ, թե «չեն իմացել՝ ում ինքնաթիռն է. եթե իմանային, որ ռուսական է, այլ կերպ կվարվեին»: Ապա ավելացրին, թե «չեն ցանկանում վատացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ»՝ միաժամանակ նշելով, որ «միջադեպի համար ներողություն չեն խնդրի, հակառակը՝ ռուսական կողմը պետք է նման քայլ անի»՝ ընդգծելով, որ եթե «նման քայլը կրկնվի, ապա իրենք նույն կերպ կվարվեն»: Վերջում հավելեցին, թե «ռուսական Ս-400-ի տեղակայումը և դրանց հնարավոր գործարկումը թուրքական ինքաթիռների դեմ կհանգեցնի ռազմական պատասխանի»... Մի խոսքով՝ բավական հակասական, զգացմունքային ու թշնամական հռետորաբանություն գործարկվեց:

ՌԴ-ին իր հերթին բավական զուսպ, սառը, չոր, սակայն միաժամանակ սուր արձագանքեց իրավիճակին (այդ թվում գործնական՝ ռազմական տիրույթում)՝ միաժամանակ իր դիրքորոշման մեջ հնարավորություն տալով Թուրքիային «ներողություն խնդրելու/փոխհատուցելու միջոցով» հարթել իրավիճակը, որը, սակայն, հրապարակային քաղաքականության տեսանկյունից որևէ կերպ շահեկան չէր Անկարայի համար:

Ձևավորված իրավիճակում ՆԱՏՕ-ն իր կանոնադրությունից բխող հիմքերով հայտարարեց, թե աջակցում է Թուրքիային՝ միաժամանակ գիտակցելով դրա քաղաքական նշանակությունը և հասկանալով, որ դա կարող է հանգեցնել Դաշինք-ՌԴ հարաբերությունների ծայրահեղ սրմանը: Մինչդեռ ՆԱՏՕ-ի «միջանցքներում» թուրքական դիրքորոշումը հատկապես բացասական արձագանք ստացավ, քանի որ անդամ երկրներից շատերը լավ գիտակցում էին, որ Անկարայի վարքն արկածախնդրային է, ուստի նա փորձում է Դաշինքի միջոցով իր կարգավիճակը փոխել ու ռեգիոնում ՌԴ ակտիվացման ներքո իր համար շահեկան իրավիճակ ստեղծել: Սա, բնականաբար, մի կողմից շահեկան, իսկ մեկ այլ կողմից՝ ամենևին շահեկան չէր Դաշինքի համար:

Այս իրավիճակում մեզ համար խնդիրն այլ է: Ձևավորվել է մի իրավիճակ, երբ Հվ. Կովկասում մենք, դաշնակցելով ՌԴ-ի հետ, ռազմական կոնֆլիկտ ունենք ՌԴ-ի հետ կարծես լուրջ խնդիրներ ունեցող Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի հետ: Իսկ դա նշանակում է, որ ՌԴ-ն ու Թուրքիան իրենց հակադրության ուղղակի տիրույթները կարող են փոխարինել երկրորդային դաշտերով՝ փորձելով հակամարտել դաշնակիցների հարթությունում: Որպես դրան ուղղված քայլ՝ մի կողմից կարող էր դիտվել «ցեղասպանության» գործոնի շահարկումը, ինչ-որ պատմական պայմանագրերի վերանայման հարցերը, մյուս կողմից Մ.Չավուշօղլուի կողմից «Ադրբեջանի հողերի օկուպացիան ամեն գնով վերացնելու» հայտարարությունը:

Առկա վիճակում, հասկանալով ու գիտակցելով անվտանգության մեր օրակարգին ուղղված մարտահրավերները, մենք առավել զգոն պետք է լինենք պատմական փաստաթղթերի մերօրյա վերանայման կոչերի նկատմամբ, ինչպես նաև պետք է առավել արդյունավետ ու ինտենսիվ աշխատենք ՀՀ ռազմական անվտանգության ու գործընկերների հետ ռազմական համագործակցության տիրույթներում, քանզի ներկա աշխարհում պետության անվտանգության ապահովման միակ գործուն միջոցը սեփական զինված ուժերն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել