Հայաստանում կոնյակի արտադրությունը հիմնադրվել է 1887թ., առաջին գիլդիայի վաճառական Ներսես Թաիրովի (Թահիրյան) կողմից, Հին Էրիվան ամրոցի տեղում` իր իսկ կառուցած Ռուսական կայսրության կոնյակի առաջին գործարանում: 
Նոր արտադրությունը գոյատևեց մինչև 1899թ.: Նիկոլայ Թաիրովը դժվարանում էր կազմակերպել առաքումը, և նա վաճառեց իր գործը ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովին: «Շուստով և որդիներ» ընկերությունը վերազինեց գործարանը այդ տարիների ամենաարդիական սարքավորումներով, գնեց թորման սարքեր, կառուցեց նոր արտադրամաս սպիրտի կրկնակի թորման համար, իսկ նկուղներում տեղադրեց կաղնեփայտե տակառներ կոնյակի երկարաժամկետ պահպանման և հնեցման համար: Շուստովը միանգամից իր արտադրանքը շուկա հանեց: Ընկերության լոգոտիպով պաստառները զարդարում էին շոգենավերի և դիրիժաբլերի նավակողերը: Գովազդային արշավը արդյունավետ էր` Շուստովի արտադրանքը ամուր դիրքեր գրավեց ռուսական շուկայում: 


1900թ. Շուստովի կոնյակը ներկայացվեց Փարիզի ցուցահանդեսում: Ցուցահանդեսում համտեսվող խմիչքների անվանումները նախապես չէին բացահայտվում: Փորձառու ֆրանսիացի համտեսողների կողմից անհայտ խմիչքը ճանաչվեց լավագույնը` Շուստովի կոնյակին շնորհվեց Գրան-Պրի մրցանակ: Շուստովի անունը մեծ աղմուկ հանեց: Ճանաչված գինեգործներին դյուրին չէր համակերպվել այն մտքի հետ, որ օտարերկրյա ծագում ունեցող խմիչքը պետք է կոնյակ անունը կրի: Այնուամենայնիվ, բարձր որակի համար Շուստովին թույլատրվեց իր արտադրանքը վաճառել ոչ թե բրենդի անունով, այլ` որպես կոնյակ, ինչը թույլատրվում էր միայն Կոնյակ գավառում աճող խաղողից ստացված խմիչք արտադրող ընկերություններին: 

Ամենաբարձր ճանաչման հայկական կոնյակն արժանացավ 1913թ., երբ «Շուստով և որդիներ» ընկերությունը պատիվ ունեցավ դառնալ Ռուսական Կայսրության արքունիքի մատակարար: Այդպիսի տիտղոս ունեին միայն 30 ռուսաստանյան և օտարերկրյա արտադրողներ: Դրա համար պահանջվում էր առնվազն ութ տարի մասնակցել նահանգային բոլոր ցուցահանդեսներին և այդ ընթացքում սպառողներից ոչ մի դժգոհություն չստանալ խմիչքի որակի վերաբերյալ: 
1917թ. հեղափոխությունից հետո Շուստովի գործարանը ազգայնացվեց: Դրա հետևանքով Շուստովի անունը կորավ անցած հազարամյակի քսանական թվականներին խեղված հազարավոր անունների ու ճակատագրերի հետ: Բայց մի հուշ ռուս արդյունաբերողի մասին, այնուամենայնիվ, մնացել է: 
1945թ. Յալթայի կոնֆերանսի համար Հայաստանում արտադրվեց հատուկ կոնյակ` «Դվին», 50 տոկոս թնդությամբ: Կոնֆերանսի ժամանակ Ուինստոն Չերչիլլը խնդրեց Ստալինին` իրեն կոնյակի որոշ քանակություն վաճառել: Ստալինը, մտախոհ տեսք ընդունելով, պատասխանեց. «Խորհրդային Միությունը հայկական կոնյակով լիովին ապահովված է, թերևս, այն կարելի է նաև վաճառել: Այդ պահից սկսած, «ժողովրդի առաջնորդը» անձանբ էր վերահսկում «Դվին» կոնյակի առաքումը բրիտանական վարչապետին:
 Երբ Չերչիլլը խնդրում էր ուղարկել կոնյակի հերթական խմբաքանակը, նա միշտ նամակում կոնյակն անվանում էր «շուստովյան»: Պատասխան նամակի մեջ նրան միշտ համբերատար ուղղում էին. «նախկին շուստովյան»: Կոնյակի օրինական առաքումը Անգլիա շարունակվեց մինչև սառը պատերազմի սկիզբը, որից հետո այն դադարեցվեց: Սակայն Չերչիլլի բուռն ցանկությունը կոնյակ ձեռք բերելու համար այնքան մեծ էր, որ նա, մոռանալով քաղաքական պատվախնդրությունը, այնուամենայնիվ, շարունակում էր ձեռք բերել սիրած խմիչքը (հայտնի չէ, թե ինչ ճանապարհներով): Երբ արդեն ծերունի Չերչիլլին հարցրեցին, թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը, նա առանց մտածելու պատասխանեց. «Երբեք մի՛ ուշացեք ճաշին, ծխե՛ք Հավանայի սիգարներ և խմե՛ք հայկական կոնյակ»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել