Ինչպես տեղեկացրեցին լրատվամիջոցները, երեկ Աթենքում ցույցի ժամանակ ցուցարարները վառել են թուրքական և ամերիկյան դրոշները, միաժամանակ Մոսկվայում թուրքական դեսպանատան առջև բողոքի ցույցերն ուղեկցվել են «Թուրքիան ՆԱՏՕ-ի և Արևմուտքի գործակալն է» կարգախոսներով: Իսկ ահա պատմության մեջ կար մի այնպիսի ժամանակաշրջան, 1920-ականների սկզբին, երբ Խորհրդային Ռուսաստանն «Արևմուտքի գործակալներ» էր հայտարարել Հունաստանին ու Հայաստանին, և ամեն գնով աջակցում էր քեմալական Թուրքիային այդ երկու երկրների դեմ պատերազմներում (այն ժամանակ Հունաստանին և Հայաստանին օգնում էր Անտանտի` անգլո-ֆրանսիական կոալիցիան):

1922 թվականի մարտին թուրքական արևմտյան ճակատում արված այս լուսանկարում Քեմալ Աթաթուրքն է` նկարված իր բարձրաստիճան հրամանատարների և խորհրդային ռազմական փորձագետների հետ: Այն ժամանակ Խորհրդային Ռուսաստանն արեց բառացիորեն անհնարինը` հսկայական ռազմական, պարենային և ֆինանսական օգնություն ցուցաբերեց քեմալականներին, անգամ թուրքական զորամիավորումներ գործուղելով խորհրդային սպաներին` քաղաքացիական պատերազմի հանրահայտ բոլշևիկ հրամանատար Միխայիլ Ֆրունզեի գլխավորությամբ: Թուրքերը 1920-ի աշնանը, ըստ Խորհրդային Ռուսաստանի հետ պայմանավորվածության, նախ օկուպացրեցին «Արևմուտքի գործակալ» Հայաստանի կեսը, որից հետո խորհրդա-թուրքական ռազմական կոալիցիան իր ուժերը կենտրոնացրեց Փոքր Ասիայի արևմտյան մասում հաստատված հունական զորամիավորումների դեմ: Քեմալականները Սովետների օգնությամբ կարողացան հաղթել նաև այս մի «Արևմուտքի գործակալին»` Հունաստանին և արդեն 1922-ի նոյեմբերին գրավեցին Ստամբուլը:

Հիմա տեսնում ենք, որ այդ շարժիչ ուժը` «Արևմուտքի գործակալներ» փնտրելու անհաղթահարելի սինդրոմը, պարզվում է, դեռևս շատ կենսունակ է: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի և Հայաստանի բնականոն հարաբերությունների զարգացման շարունակությանը, ապա, կարծում եմ, դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը չեղարկի վերջապես 1921-ի ռուս-թուրքական հակահայկական պայմանագիրը, քանի որ հենց այդ պայմանագրով է բռնազավթվել մեր երկրի օրինական տարածքները: Եկել է, թերևս, ժամանակը, որ Ռուսաստանն էլ հասկանա, որ Հայաստանում չկա և չի լինի երբևիցե ոչ մի մարդ, որը կհամակերպվի այդ դավադրական պայմանագրի արդյունքում ստեղծված փակուղային իրավիճակի հետ: Այդ պայմանագիրը մենք ընկալում ենք որպես հրեշավոր դավաճանություն մեր երկրի հանդեպ, իսկ մնացյալ «խոստումները», թերևս, միայն պատմական միֆերի շարքից են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել