Վերջին օրերին շրջադարձային փոփոխություններ տեղի ունեցան թուրք-սիրիական, թուրք-քրդական, թուրք-ռուսական հարաբերություններում: Այնպես ստացվեց, որ ռուսները, քրդերը և սիրիացիները հայտնվեցին նույն կաթսայում Թուրքիայի համար: Կարծես թե Էրդողանի պլաններն ավելի շատ ձախողվեցին, քան որևէ դրական արդյունք ապահովեցին: Բանը նրանում է, որ Էրդողանն այլևս ի վիճակի չէր վերահսկողություն սահմանել հարավարևելյան մի շարք քրդաբնակ բնակավայրերի վրա: Անգամ պարետային ժամը, հատուկ ռազմական գոտին չփրկեցին իրավիճակը և Էրդողանը գնաց քայլի, որով փորձ արեց արտաքին աշխարհի ուշադրությունը շեղել քրդական հարցից՝ ստեղծելով մեկ այլ հարց, որպեսզի քրդերի հարցերը լուծի թուրքին բնորոշ գործելաոճով: Ռուսական ռազմական ինքնաթիռի 3-4 րոպե տևողությամբ սահման խախտելը չպետք է բերեր այդ ինքնաթիռի խոցմանը, այն դեպքում, երբ Ռուսաստանը համարվում է Թուրքիայի գործընկերը տնտեսական ոլորտում: Միասին իրականացնում են խոշոր տնտեսական պրոյեկտներ, սակայն Թուրքիան ինքնաթիռը խոցեց՝ քրդերից ուշադրությունը շեղելու մեկ այլ տեղ: Հատկանշական է, որ խոցելուց հետո Էրդողանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ իր նպատակը ոչ թե Ռուսաստանի հետ հարաբերություններ փչացնելն է, այլ իր երկրի սահմանները պաշտպանելը, և որ իրենք չեն իմացել, թե ինքնաթիռն ումն է պատկանում: Իսկ Ռուսաստանը կա ու կմնա Թուրքիայի գործընկերը:
Ռուսաստանը, սակայն, շատ կոշտ գտնվեց, բազում պատիժներ, սանկցիաներ կիրառեց, որոնցից շատերը չեն էլ երևում հանրության համար: Թուրքիան, մի ինքնաթիռ խոցելով, զինեց քրդերին: Այո՛, նա չէր սպասում դրան, սակայն քրդերը զինվեցին ռուսական զենքով: Քրդերի մոտ անգամ հայտնվեց հակաօդային պաշտպանության զենք: Թուրքիան որքան էլ փորձի իր իսկ երկրի տարածքում իր իսկ քաղաքները շրջափակման մեջ պահել, միևնույն է, զենքերը շուտով տեղ կհասնեն, և թուրք-քրդական պարտիզանական հակամարտությունը կդառնա պատերազմ:
Թուրքիան գնում է ինքնաոչնչացման...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել