«Թող սրանից հետո մեկն ասի, որ ընդդիմությունը համախմբված չէ, հավաքի նպատակը մեկն է՝ ցույց տալ բոլորին, որ միասնական ենք»: Ահա այսպիսի միտք է արտահայտել Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը նույն միությունում տեղի ունեցած ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների կլոր սեղան քննարկման ժամանակ: Դրան մասնակցում էին Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը, Լևոն Զուրաբյանը, Պետրոս Մակեյանը, Անդրիաս Ղուկասյանը, Պարույր Հայրիկյանը, «Չենք անցկացնի» նախաձեռնությունից ներկայացուցիչներ և այլն:

Ի դեպ չմոռանամ նշել, որ նիստը վարել է դասականը՝ նույն ինքը Հմայակը:

Կարող է հարց առաջանալ, ինչու է քաղաքագետը պնդում, որ իրենք համախմբված են: Որոշները կարող են կարծել, որ այս մարդը կարողացել է համախմբել ամբողջ դաշտն իր շուրջ, և մենք շուտով կարող ենք տեսնել նոր լիդերի: Ցավոք, Հմայակը պարզապես ուրախացել է՝ այդքան գործիչ տեսնելով, ուրախացել է, որ այդքան մարդ իր գրասենյակ է եկել: Հովհաննիսյանի մոտ պարզապես մանկական անմեղ ոգևորություն է:

Ինչևէ, ես չեմ կարողանում հասկանալ մի բան. ՈՉ-ի անդամներն ի՞նչ նպատակ են դրել իրենց առաջ, մինչև դեկտեմբերի 6-ը հիմնահատակ արժեզրկե՞լ իրենց շարժումը: 
Ինչ վերաբերվում է ընդիմության միասնությանը, ապա, գիտե՞ք, կլոր սեղաններին մասնակցելով չի որոշվում միասնականությունը: Նույն տրամաբանությամբ, եթե իմ տանը խաշի հրավիրեմ Արսեն Գրիգորյանին, Լիլիթ Հովհաննիսյանին ամուսնու հետ և Էրիկին, կարո՞ղ եմ ասել, որ միավորել եմ ամբողջ շոու բիզնեսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել