Նախօրեին Հայաստանի քաղաքագետների միությունում տեղի է ունեցել ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների կլոր սեղան քննարկումը: Քննարկմանը մասնակցել են Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը, Լևոն Զուրաբյանը, Պետրոս Մակեյանը, Անդրեաս Ղուկասյանը, Պարույր Հայրիկյանը, «Չենք անցկացնի» նախաձեռնությունից ներկայացուցիչներ և այլ ընդդիմադիր գործիչներ:

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն իր խոսքում նշել է. «Թող սրանից հետո մեկն ասի, որ ընդդիմությունը համախմբված չէ»: Շարունակելով խոսքը՝ նա հավելել է նաև, որ իրենց հավաքի նպատակը մեկն է՝ ցույց տալ բոլորին, որ իրենք միասնական են, ովքեր դեմ են նոր Սահմանադրությանը, որը հավասարազոր է սահմանադրական հեղաշրջման:

Ակամայից թվում է, թե Հմայակ Հովհաննիսյանը լուրջ և մեծ քաղաքական պոտենցիալ մունեցող անձ է, ում վերապահվել է իր հարկի տակ ընդունել բոլոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին և միավորիչ դեր կատարել նրանց մեկ նպատակի շուրջ համախմբման հարցում: Սակայն իրականում Հովհաննիսյանը քաղաքական դաշտում «ճ» կարգից ցածր գործիչ է, ով փորձում է ամեն ինչ անել, որ կրկին երևա լրատվականների հոդվածներում: Փաստենք, որ նա ոչ միայն հնարավորություն չունի որևէ դերակատարություն ունենալու առկա քաղաքական զարգացումներում, այլև վերածվել է «քաղաքական թափառաշրջիկի»: Այսինքն՝ նրա նպատակն է դարձել որևէ քաղաքական խմբավորման հարկի տակ տաք անկյուն գտնել՝ զարգացումների ընթացքից դուրս չնետվելու համար:

Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ ընդդիմադիր ուժերի միավորմանը մեկ խնդրի սահմանադրական փոփոխությունների գործընթացի շուրջ, ապա նրանց տարբերակված գործելու վառ ապացույցն այն է, որ «Նոր Հայաստան» ճակատն իր թիրախային հանրահավաքն անցկացնելու է դեկտեմբերի 1-ին, իսկ «Ոչ»-ի ճակատը՝ դեկտեմբերի 3-ին, և նրանցից յուրաքանչյուրը փորձում է իր խաղն առաջ տանել խնդրի շուրջ:
Մնում է փաստել, որ Հովհաննիսյանին լուրջ դեր վերապահելով՝ կամ Հմայակն է ինքնահաստատվում և իմիջ ստանում, կամ էլ ընդդիմադիր քաղաքական ուժերն են անլրջանում՝ Հմայակի նման իմիջայլոց գործչին չափից շատ առանցքային ֆիգուր համարելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել