Tert.am-ը գրում է.

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբիանդամներից երկուսը՝ Ավետիս Բարեյանը և Վաղինակ Ստեփանյանն Արմավիրի մարզի Արևիկ համայնքի բնակիչներ են:

Արմավիրի մարզի Արևիկ համայնքի ղեկավար Գառնիկ Ծատուրյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ և՛ Ավետիս Բարեյանը, և՛ Վաղինակ Ստեփանյանն ազատամարտիկներ են եղել: «Դրանից հետո զբաղվել են հողագործությամբ»,- ասաց համայնքի ղեկավարը:

Հարցին, թե իրենց վարքագծում ինչ-որ կասկածելի բան չի նկատվել, Գառնիկ Ծատուրյանը պատասխանեց. «Բացարձակ չի եղել նման բան, դրա համար բոլորս շոկի մեջ ենք: Նորմալ, ընտանիքի տեր մարդիկ են, դպրոցական երեխաներ ունեն, երբևիցե իրենց պահվածքի մեջ ավելորդ բան չենք տեսել, չենք էլ պատկերացրել, որ նման բան կարող են անել»:

Համայնքի ղեկավարն ասաց, որ Վաղինակ Ստեփանյանը երկու անգամ վիրավորվել է Արցախյան ազատամարտում:

Ընտանիքի անդամները նույնպես տեղյակ չեն եղել իրենց գործունեության մասին. «Բացարձակ տեղյակ չեն եղել: Վաղինակը տանն ասել է, թե Ղարաբաղ եմ գնում-գալիս՝ կռվելու: Միշտ էլ գյուղում իրենց տեսել են, էս վերջերում է եղել, որ քիչ են երևացել»,-ասաց Գառնիկ Ծատուրյանը:

Հիշեցնենք, որ ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը, վերոհիշյալ հանցավոր նպատակների իրագործման համար՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի ձեռք է բերվել զենք և ռազմամթերք, որոնք պահել է Երևան քաղաքի Նորքի 9-րդ փողոց, 78-րդ տուն հասցեով նախապես այդ նպատակով վարձակալած առանձնատանը, որտեղ շուրջ մեկ ամիս խմբի անդամները կազմակերպել են հավաքներ և պլանավորել հանցավոր գործունեության ծրագրերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել