Tert.am-ը գրում է.

Իսկապես սա կանխված դեպք է, և լավ է, որ մենք կանխված դեպքի հետ ենք խնդիր ունենում, այլ ոչ թե՝ հետևանքների: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով երեկ Նորք-Մարաշում զինված խմբավորման հայտնաբերմանը:

«Սա երևույթ է, որտեղ պարզվում է, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ապօրինի զենք են ունենում: Այստեղ կարևոր է նաև հաջորդ խնդիրը, թե ինչպես է քննությունն ընթանալու, արդյո՞ք պատասխանատվություն են կրելու այն մարդիկ, ովքեր այդ զենքը վաճառել են կամ գուցե դրսից են բերել»,- ասաց Թևան Պողոսյանը:

Պատգամավորն ասաց, թե իրավապահ մարմիններն ուրեմն տեղեկություններ ունեին և այդ գործողություններն իրականացրել են. «Այնպես չէ, թե ինչ-որ մեկը զանգեց և նրանք գնացին ու բացահայտեցին: Պետք է հասկանալ, թե այդ դեպքում ինչու էին հապաղում, գուցե սպասում էին, որ հավելյալ տեղեկություններ բացահայտեն»,- կարծիք հայտնեց Թևան Պողոսյանը:

Խոսելով համացանցում և մամուլում հայտնված տարբեր մեկնաբանությունների մասին՝ Թևան Պողոսյանն ասաց, որ բոլոր աշխատանքներն օգտագործվում են ուղղորդելու համար:

«Քննությունն ամեն ինչ կպարզի: Պետք է զգույշ լինել: Բոլոր մեր քաղաքացիներին կոչ եմ անում լինել զգոն և նրբանկատ: Ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ շրջապատված ենք թշնամիներով»,-ասաց Թևան Պողոսյանը:

«Այս օրերին ստեղծված միջավայրը շատ բարենպաստ էր որ յուրաքանչյուրը փորձեր պղտոր ջրում իր ձուկը որսալ, դրա համար պետք է շատ զգույշ լինել»,-ասաց Թևան Պողոսյանը՝ հիշեցնելով Փարիզի ահաբեկչությունը, ռուսական ինքնաթիռի խոցումը:

Նա ևս մեկ անգամ ասաց, թե ուրախ է, որ հնարավոր է եղել կանխել այդքան անօրինական զենքի օգտագործումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել