Մարդ արդեն անհավատ է դարձել ու ոչ մեկի չի վստահում: Երկերեսանիությունը, կեղծիքը, սուտը, դերասանությունը, կասկածը խեղդում են, ոչ մեկին չես կարող հավատալ կամ վստահել: Այն կարծես վերածվում է ազգային առանձնահատկության, բնավորության նման մի բան ու շարունակում է հաղթարշավն ուր ասես, ինչ կերպարանքով ասես… Ես չգիտեմ՝ մյուս ազգերի մոտ է՞լ է նույնը, թե՞ նրանց մոտ այլ պատկեր է…
Բայց մեզանում այն ահավոր չափերի ու տարատեսակ, բազմազան կերպարանափոխություն և ձևեր է ընդունել: Մարդիկ ժպտում են ու հաճոյախոսում, սակայն իրականում թույն են շնչում, համաձայնվում, հավանություն տալիս, սակայն հակառակն անում…
Հիմա սա Այո-ներին և Ոչ-երին է վերաբերում: Ո՛չ «Ոչ» ասողն է հիմնականում իրական, և ո՛չ էլ «Այո»-ն է իրական այո…
Շատ իրատեսական, հաշվենկատ ու կեղծավոր ենք դարձել… Երեսիդ կժպտա, կասի Այո, կքվեարկի Ոչ, կասի Ոչ, ցույց կտա՝ դեմ է, բայց կքվեարկի Այո: Այնպես որ, ամեն ինչ կվճռվի հենց քվեարկության օրը, քվեարկության ընթացքում, յուրաքանչյուրիս քվեարկության պահին…
«Ոչ»-ն անհավանության արտահայտություն է, հայերենի ձայնարկություններից… Ինչպես կռկռը, ծըլթը, հըռ-հըռը, հաֆ-հաֆը, հայ-հույը, լո-լոն, ծուղրուղուն… Այնպես որ, հաֆ-հաֆ արեք, ծուղրուղու կանչեք, կռկռացեք՝ ձեր նպատակն ընդամենը հայ-հույ անելն է…
Նախորդ տարբերակով Սահմանադրությանն Այո ասողները և նոր, բարեփոխված տարբերակին Ոչ ասողներն ընդամենը պետք է հիշեն, որ այն՝ 1995 թվականինը, լեգիտիմ չէր, որ այն ՀՀՇ-ական իշխանությունների կողմից նկարվել էր բառիս բուն իմաստով, գոնե հիմա հնարավորություն է ստեղծվում կրկին գնալ, քվեարկել այս վերափոխված տարբերակին… Գոնե հիմա՝ նորի ու լավի ակնկալիքով, նոր քաղաքացու, նոր հասարակության ձևավորման ակնկալիքով ու հույսով… Մնացյալը մեզանից է կախված՝ բոլորիցս…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել