Այս երկու օրերին բազմաթիվ կարծիքներ լսեցի Հայոց Ցեղասպանության ժխտումն օրինականացնող օրենք ընդունելու` ՌԴ-ում առկա նախաձեռնության մասին: Հնչած տեսակետների մեծ մասին հետ համաձայն եմ: Իրոք, շատ տհաճ զգացողություն է առաջանում, երբ քո ազգային ցավն «օգտագործում են», այն էլ՝ նման «կացնային» տարբերակով: Դե հիմա, ի՞նչ անենք, որ ՌԴ քաղաքական իսթեբիշմենթի ամենասիրած գործիքը դա է: Փոխել դա մենք չենք կարող: Մեզնից ընդհանրապես այս պարագայում քիչ բան է կախված: Դե, իհարկե, ինչպես վերջերս ընդունված է ասել, փոքր երկիր ենք՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Բայց դա, ինչպես ասում են, օբյեկտիվ իրականության մաս է, որի դեմ նույնպես ոչինչ անել չենք կարող: Ու այս համընդանուր, գուցե նաև արդար զգացմունքային տեղատարափի մեջ մոռանում ենք, որ ամենակարևորը` մեր ցավն «օգտագործում» են ոչ այն պատճառով, որ մենք փոքր ենք, այլ որովհետև՝ թույլ: Իսկ դրանք նույն բաները չեն: Ապացույցն ու հակառակի վառ օրինակը նույնպես շաաաատ ակնառու է: Ինչ-որ մի լուրջ երկրի մտքով կանցնի՞ շահարկել Հոլոքոստը: Դժվար: Իսկ ինչո՞ւ: Որովհետև, կոպիտ ասած, «հերները կանիծեն», որովհետև ուժեղ են` անկախ այն հանգամանքից՝ որ էլի փոքր երկիր են: Ուժեղ են և վերջ: Հիմա կասեք՝ դե իրենց հնարավորություններն ուր, մերը` ուր: Ոչ, որովհետև եղածն էլ չենք օգտագործում: Արդյունքում կողքից նայում ենք, թե ինչպես են մեր ցավն «օգտագործում»: Միտքը շատ պարզ է, և դժվար թե հեծանիվ հայտնաբերեմ, բայց ինչպես ասում են` ամենակարևոր բաներն արտաքուստ միշտ պարզ են, իսկ իրականացնելը` դժվար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել