ՀԱՐՑ

Որո՞նք են մեկ օրվա ընթացքում երկու և ավելի անգամ ամրագոտին չամրակապելու հետևանքները։

Երկու օր առաջ ճանապարհային ոստիկանը, կանգնեցնելով մեքենաս, արձանագրեց ամրագոտի չկապելու իրավախախտում և վարչական պատասխանատվության ենթարկեց ինձ: Ես համաձայնեցի նրա հետ, քանի որ մեքենայիս ամրագոտին վնասվել է, և հնարավոր չէ այն ամրակապել: Տուգանելուց հետո շարունակեցի վարել մեքենան, 15 րոպե անց մեկ այլ տեսուչ նորից կանգնեցրեց մեքենաս և նորից արձանագրեց նույն խախտումը, ինչի համար 15 րոպե առաջ արդեն տուգանվել էի: Ես նրան բացատրեցի, որ արդեն ենթարկվել եմ պատասխանավության այդ արարքի համար, և եթե նա ևս խախտումն արձանագրի, կստացվի՝ մի արարքի համար կրկնակի եմ պատասխանատվության ենթարկվում, սակայն նման պնդումը նա հիմք չընդունեց և կրկին ինձ պատասխանատվության ենթարկեց: Իրավունք ունե՞ր արդյոք երկրորդ տեսուչը պատասխանատվության ենթարկելու ինձ:

ՊԱՏԱՍԽԱՆ

Այո, իրավունք ուներ երկրորդ անգամ ևս վարչական պատասխանատվության ենթարկելու:

Պատճառն այն է, որ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 1233-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում ոչ թե անվտանգության գոտիները չամրակապելու, այլ այն չամրակապված վիճակում տրանսպորտային միջոցը վարելու համար:

Ամեն անգամ, երբ Դուք Ձեր մեքենան վարել եք անվտանգության գոտին չամրակապած վիճակում, Դուք դրանով կատարել եք առանձին իրավախախտումներ: Եվ երբ առաջին տեսուչը Ձեզ վարչական պատասխանատվության է ենթարկել չամրակապած վիճակում մեքենա վարելու համար, Դուք իրավունք չունեիք կրկին վարել անվտանգության գոտին չամրակապած վիճակում:

Եվ երբ երկրորդ տեսուչն է Ձեզ վարչական պատասխանատվություն ենթարկում նույն հիմքով, դա չի նշանակում, որ նա նույն արարքի համար կրկնակի պատասխանատվության է ենթարկում Ձեզ: Նա արձանագրում է միայն 15 րոպե անց անվտանգության գոտին չամրակապած վիճակում մեքենա վարելը և հենց այդ րոպեին վարելիս ամրագոտին չամրակապելու համար է պատասխանատվության ենթարկում, այլ ոչ թե 15 րոպե առաջվա համար:

Օրենքը պարտադրում է ոչ թե անվտանգության գոտին ընդհանրապես ամրակապել, այլ այն ամրակապել, երբ մեքենան ընթացքի մեջ է, այն վարում եք: Եվ յուրաքանչյուր դեպքում, երբ մեքենան ընթացքի մեջ չէ, և կանգնած է, Դուք չեք կարող պատասխանատվության ենթարկվել անվտանգության գոտին չամրակապելու համար, քանի որ դեռ տեսուչի կողմից արձանագրված չի լինի չամրակապված վարելու փաստը:

Հարցին պատասխանեց Կարեն Աղաջանյանը (արտոնագիր 11)

Ձեր հարցերն իրավաբաններին կարող եք ուղարկել editor@blognews. am հասցեով կամ BlogNews-ի  ֆեյսբուքյան էջին գրելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել