Tert.am-ը գրում է.

Առաջինը Թուրքիան ռուսական ռազմական օդանավը կործանելով՝ գնաց բավական վտանգավոր ռիսկային գործողության, ինչը նաև անվտանգության ռիսկեր պարունակող քայլ էր:  Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը՝ անդրադառնալով թուրքական կործանիչների կողմից ռուսական ռազմական Սու-24 ինքնաթիռի խոցման դեպքին:

«Ակնհայտ է, որ Ռուսաստանը ստիպված է պատասխանելու, հակառակ դեպքում ստացվում է, որ Թուրքիան իր այդ վարքագծով ուղղակի մարսում է այն, ինչ իրականացվեց, ինչը, կարծում եմ, որ անընդունելի է Ռուսաստանի համար: Կարծում եմ, որ այդ պատասխանը կլինի առավելապես Սիրիայի տարածքում այնպիսի ցավոտ հարվածներով Էրդողանի համար, որոնք Թուրքիայի համար լուրջ նշանակություն կունենան»,-ասաց նա և նշեց, որ մյուս կողմից հնարավոր է Ռուսաստանի կողմից ռազմական լուրջ ներկայության մեծացում  սիրիական թատերաբեմում:

«Ես բացառում եմ ռուս-թուրքական ռազմական որևէ բախում, կամ առճակատում, որովհետև չեմ կարծում եմ, որ կողմերը պատրաստ են ռազմական այդպիսի առճակատման, ինչը բերելու է ավելի մեծ առճակատման ավելի մեծ կոնտեքստով»,-ասաց նա:

Թուրքագետը գտնում է, որ այս ամենում ամենակարևորը թուրքական շարժառիթը հասկանալն է և չի կարծում, թե սա ուղղակի պահի տակ կայացրած որոշում էր և կարծում է, թե Թուրքիան պատրաստվել էր սրան:

«Համենայնդեպս սրանով Թուրքիան փորձ է անում իրավիճակ փոխել և դրանով ապահովելով ինչ-ինչ դիվիդենտներ»,-ասաց նա:

Ըստ նրա՝ առաջիկայում երկար ժամանակ ռուս-թուրքական հարաբերությունները լարված կլինեն, սակայն ռուս-թուրքական  հարաբերությունները բավականին բարդ հարաբերություններ են և այնքան  կապող օղակներ կան երկու երկրների միջև, որ երկուստեք չափազանց շատ բան կարող են կորցնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել