Tert.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստի ընթացքում անդրադարձել է թուրքական կործանիչների կողմից ռուսական ռազմական Սու-24 ինքնաթիռի խոցման դեպքին ու հայտարարել, որ այն խոցելու հրամանն ինքն անձամբ է տվել։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberler կայքը, Դավութօղլուն պնդել է, որ չնայած իրենց բազմաթիվ զգուշացումներին, ինքնաթիռը հատել է Թուրքիայի սահմանը, ինչից հետո թուրքական օդուժին պատկանող F-16 կործանիչը խոցել է այն:

«Մեր ժողովների ընթացքում ես անձամբ եմ Թուրքիայի զինված ուժերին հրահանգել, թե ինչ պետք է անել»,-ասել է Դավութօղլուն:

Նա հայտարարել է, որ ինքնաթիռը խփվել է Թուրքիայի տարածքում, անգամ դրա բեկորներից Թուրքիայի երկու քաղաքացիներ են վիրավորվել:

Թուրքիայի վարչապետը հայտարարել է, թե իրենք տեղյակ չեն եղել, որ ինքնաթիռը ռուսական է, և այդ մասին տեղեկացել են միայն ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունից:

«Այդ դեպքից հետո մենք մտադիր չենք ՌԴ-ի հետ խզել կապերը, խնդիրներ ունենալ: Ռուսաստանը մեր բարեկամն է, հարևանը: Մեծ պետությունների հարաբերությունները չեն կարող զոհաբերվել պատահարների պատճառով: Ռուսաստանը մեր կարևոր գործընկերն է և վերջին 13 տարում դարձել է այն երկրներից մեկը, որի հետ հարաբերությունները շատ ենք կարևորում»,-ասել է Դավութօղլուն։

Հիշեցնենք, որ երեկ ռուսական ռազմական ինքնաթիռ էր խոցվել Սիրիայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու։ Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը «թիկունքից հարված» էր որակել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել