Կարելի է փաստել, որ վերջին շրջանում նկատվում է ներդրումային հետաքրքրությունների ավելացում էներգետիկ ոլորտի նկատմամբ։ Նախատեսվող ծրագրերի իրականացման արդյունքում Հայաստանը կարող է դառնալ հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի կարևորագույն հանգույցներից մեկը։ Ինչպես հայտնի է, այն նպատակ ունի կապել մի կողմից Իրանը և Իրաքը, մյուս կողմից՝ Ռուսաստանն ու ԱՊՀ երկրները։ Կարևոր է, որ էներգետիկ նոր միջանցքի ձևավորմամբ հետաքրքրված են տարածաշրջանի բոլոր երկրները։

Վերջին իրադարձությունների ֆոնին նկատվում է հետաքրքրությունների ակտիվացում Հայաստանի էներգետիկ համակարգի նկատմամբ։ Օրերս Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ այդպիսի լուրջ մտադրությունների մասին հայտնեց բրիտանական «Գրեյնջ հոլդինգ» ընկերության ղեկավարը։

Հատկանշական է, որ, ուսումնասիրելով Հայաստանի էներգետիկ ոլորտում իրականացվող քաղաքականությունը, բրիտանական ընկերությունը եկել է այն եզրակացության, որ այդ դաշտն ունի «ներդրումային գրավիչ հնարավորություններ»։ Ուստի իրենք շահագրգռված են ներդրումներ իրականացնել մասնավորապես ջերմային էներգետիկայի արտադրության ոլորտում։ Բրիտանական ընկերությունը պատրաստ է այս ոլորտում ներդնել շուրջ 400 մլն դոլար։

Հարկ է նշել, որ էներգետիկ ոլորտի ներդրումային հետաքրքրություններն, անշուշտ, չեն սահմանափակվում միայն վերը նշված ընկերությունով։ Շուրջ 10 օր առաջ Հայաստանում էր ներդրողների ևս մեկ խումբ՝ Ավստրիայից, Բուլղարիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից։ Վերջիններս ներկայացնում էին էներգետիկ ոլորտում հայտնի «Զոհալ» և «Հելիոս Փաուեր» ընկերությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել