1926թ.-ին «Collier՝s» ամսագրում հրապարակվեց պատմության մեծագույն գյուտարար Նիկոլա Տեսլայի հետ զրույցը։ Զրույցի թեման այն ժամանակվա համար շոկային էր, հիմա էլ, ինչ խոսք, բավականին հետաքրքրական։

«Земля превратится в огромный мозг». Как Никола Тесла предсказал наш мир

«Մեղուների կյանքն օրինակ կլինի մարդկային ռասայի համար»,- ասում էր հանրահայտ գիտնական Նիկոլա Տեսլան։ «Ինքնաթիռները կսկսեն թռչել երկնքում առանց մարդկանց կառավարման՝ ռադիոյի միջոցով։ Գենդերային նոր կարգ կսահմանվի, որտեղ գլխավոր դեր կխաղան կանայք։ Մենք կսկսենք շփվել ակնթարթորեն, գրպանի պարզ սարքերի միջոցով։ Էներգիան կսկսի փոխանցվել մեծ տարածության վրա առանց հաղորդալարերի։ Երկրաշարժերը կսկսեն ավելի հաճախ տեղի ունենալ։ Եվ այս զարմանալի իրադարձություններից շատերի իրականացմանը քիչ ժամանակ է մնացել», - ասում էր Տեսլան։

Տեսլան 68 տարեկան էր։ Նա լուռ նստում էր իր աշխատասենյակում և ուսումնասիրում էր աշխարհը, որը փոխում էր իր ձեռքերով և կանխատեսում այլ փոփոխությունները, որոնք անխուսափելիորեն տեղի կունենային մարդկության զարգացման հետ միասին։ Տեսլան բարձրահասակ, նիհար, ժուժկալ մարդ էր, ով միշտ մուգ էր հագնվում և աշխարհին նայում հանդարտ, խորը հայացքով։ Նա կարող էր իրեն շքեղություն թույլ տալ, սակայն համեստ էր ապրում և զարմանալի հետևողականությամբ ընտրում իր սննդակարգը։ Նա ջրից ու կաթից բացի այլ բան չէր խմում և չէր ծխում երիտասարդ տարիքից։

Նա ինժեներ, գյուտարար էր և դրա հետ մեկտեղ փիլիսոփա։ Նա նաև չէր մոռանում մարդկային կյանքի դրամաների մասին։

Տասնհինգ տարի հետո աշխարհը չափազանց կտարբերվի նրանից, ինչ մենք տեսնում ենք այսօր, նրանից, ինչ մենք տեսել ենք կես դար առաջ։

Տեսլան Ամերիկա եկավ, երբ դեռ երիտասարդ էր, և շուտով նրան ընդունեցին որպես տեխնիկական հանճար։ Իր հեղափոխական էլեկտրական սարքերի միջոցով նա փող վաստակեց և մի քանի ֆաբրիկաներ կառուցեց սկզբում Նյու Յոքում, այնուհետև Կոլորադոյում և Լոնգ Այլենդում, որտեղ սկսեց անցկացնել իր անթիվ գիտափորձերը, որոնք տարբեր կարևոր ձեռքբերումների հանգեցրեցին էլեկտրականության գիտության մեջ։

«Անլար համակարգի հայտնվելու պահից ես հասկացա, որ այս նոր արվեստը մարդկությանը կբերի շատ ավելին, քան որևէ այլ գիտական գյուտ, քանի որ այն փաստորեն ոչնչացնում է հեռավորությունը։ Աղետների մեծ մասը, որոնցից տառապում է մարդկությունը, առաջանում են աշխարհի հսկայական չափերի պատճառով և ազգերի ու մարդկանց սերտ շփման անկարողությունից»։

Անլար փոխանցումը հնարավորություն կտա հասնել այս մոտ շփմանը՝ ինտելեկտի, մեր մարմինների, նյութերի և էներգիայի տեղափոխման միջոցով։

Ողջ աշխարհը կվերածվի մի հսկայական ուղեղի։ Մենք կկարողանանք շփվել միմյանց հետ ակնթարթորեն, անկախ հեռավորությունից։ Ավելին, հեռուստատեսության ու հեռախոսի միջոցով մենք կկարողանանք տեսնել ու լսել միմյանց այնքան պարզ, որքան դեմ դիմաց նստած մենք կլսեինք ու կտեսնեինք միմյանց՝ անկախ հազարավոր մղոնների հեռավորությանը։ Եվ սարքերը, որոնք հնարավորություն կտան մեզ անել դա, զարմանալիորեն պարզ կլինեն՝ համեմատած ժամանակակից հեռախոսների հետ։ Մարդը կարող է այսպիսի սարքը պահել գրպանում։ Մենք կարող ենք հետևել ու լսել իրադարձություներին՝ նախագահի ինագուրացիան, սպորտային մրցաշարը, երկրաշարժերն ու պատերազմներն, այնպես, ասես այնտեղ ենք գտնվում։

Երբ էներգիայի անլար հեռահաղորդումը դառնա կոմերցիոն, հեղափոխություն տեղի կունենա։ Մենք արդեն կինոնկարներ ենք հեռարձակել անլար կապի միջոցով փոքր հեռավորության վրա։ Իսկ հետո՝ ընդամենը մի քանի տարի անց, հեռավորությունը սահմանափակում չի ունենա։ Պատկերներն արդեն իսկ փոխանցվում են լարերով՝ տելեգրաֆի միջոցով, սակայն երբ էներգիայի անլար փոխանցումը մասսայական դառնա, բոլոր այս մեթոդները նույնքան պրիմիտիվ կթվան, ինչպես շոգեքարշն էլեկտրական գնացքի համեմատությամբ»։

Սահմանները կվերանան

Բոլոր երկաթուղիները կէլեկտրականացվեն, իսկ առաջին լոկոմոտիվները կհայտնվեն թանգարաններում։ Կհայտնվեն թռչող մեքենաներ, որոնք վառելանյութի կարիք չեն ունենա և ազատ կլինեն բոլոր այն սահմանափակումներից, որոնք ունեն մերօրյա ինքնաթիռները։ Մենք կկարողանանք Նյու Յորքից հասնել Եվրոպա մի քանի ժամում։ Միջազգային սահմանները մեծամասամբ կոչնչացվեն, կսկսվի տարբեր ռասաների միավորում ու ներդաշնակեցում։ Անլար տեխնոլոգիաները կներդաշնակեցնեն տարբեր երկրների շահերը՝ տարաձայնությունների փոխարեն փոխըմբռնում երաշխավորելով։ Կառավարության ժամանակակից համակարգերը կհնանան»։

Տեսլան մեծ փոփոխություններ էր կանխատեսում նաև առօրյա կյանքում. «Ամեն առավոտ մենք կկարողանանք օրաթերթեր տպել տանից անլար կապի միջոցով։ Տան տնտեսությունը՝ ջեռուցում, լուսավորություն, մեխանիկա, կարտադրվի ավտոմատ»։
Ապագայի ամենամեծ փոփոխություններից մեկը Տեսլան համարում էր կանանց դիրքի փոփոխությունը. «Նույնիսկ առանց սոցիոլոգիական կրթության մարդուն պարզ է, որ աշխարհ է եկել գենդերային խտրականության նոր մոտեցում։ Կանանց՝ հավասարության համար մղած պայքարը կբերի սեռային նոր կարգի ստեղծման, որտեղ կանայք գլխավոր դեր կխաղան։

Կանայք կհասնեն հավասարության, իսկ հետո կգլխավորեն, սակայն ոչ թե տղամարդկանց պրիմիտիվ ֆիզիկական իմիտացիայի շնորհիվ, այլ ինտելեկտի զարգացման։

Պատմության սկզբից ի վեր կանանց ենթարկվածությունը հանգեցրել է նրանց մտավոր կարողությունների թուլացմանը, որով, ինչպես մենք արդեն գիտենք այսօր, կանայք օժտված են տղամարդկանցից ոչ պակաս։

Թագուհի, կյանքի կենտրոն

Կանանց միտքը ցուցաբերել է բոլոր ինտելեկտուալ ձեռքբերումների կարողությունները, որոնց ընդունակ են տղամարդիկ, և այդ կարողությունը կընդլայնվի։ Միջին վիճակագրական կինը ոչ պակաս և հետո նաև առավել կրթված կլինի, քան միջին վիճակագրական տղամարդը։ Կանայք կսկսեն անտեսել անցյալն ու կցնցեն քաղաքակրթությունն իրենց առաջընթացով։

Առաջնորդության ու նոր ոլորտներում գործունեության աստիճանական զարգացումը կճնշի մայրական բնազդն ու կանացի զգայունությունը։ Ամուսնությունն ու մայրությունը հնարավոր է, որ սկսեն անցանկալի բան համարվել, և մարդկանց քաղաքակրթությունն ավելի ու ավելի շատ կսկսի մոտենալ մեղուների կատարյալ քաղաքակրթության։

Սկզբունքը, որով գերիշխում է մեղուների տնտեսությունը, անմահության բնազդն է, որը փոխարինում է մայրությունն աստվածայինի հետ։ Թագուհին մեղուների կյանքի կենտրոնն է։ Նա գլխավորում է փեթակը և ոչ թե ժառանգականության իրավունքով, այլ որովհետև միջատների ռասայի կենտրոնն է»։

Ռասայի ստերիլիզացում

Մեղվային փեթակը հիմնված է անսեռ աշխատողների հսկայական բանակի վրա, ում միակ նպատակն ու կյանքի երջանկությունը տքնաջան աշխատանքն է։ Սա սոցիալական, համագործակցային կյանքի կատարելատիպն է։ Փեթակում կան իգական տեսակներ, որոնց պահպանում են այն դեպքի համար, եթե մայր մեղուն հիասթափեցնի փեթակը։ Եվ կան արու մեղուներ, որոնք շատ չեն, և որոնց հանդուրժում են միայն այն պատճառով, որ դրանք անհրաժեշտ են մայր մեղվին բեղմնավորելու համար։ Իսկ մայր մեղուն վերադառնում է փեթակ՝ տասնյակ հազարավոր ձվեր բերելով ապագա մեղվային քաղաք հիմնելու համար և սկսում վերարտադրման նոր շրջանը։

Երևակայությունը հրաժարվում է ընդունել, որ այսպիսի հեռանկար հնարավոր է նաև մարդկության համար։ Սակայն եթե մտածենք այն մասին, թե ինչպիսին է մարդկության սեփական ռասան անմահացնելու բնազդը գլխավորում մեր կյանքում, ապա ինչո՞ւ չմտածել, որ կանանց ինտելեկտուալ առաջընթացը կարտահայտվի մեղուների օրինակով։ Իհարկե դեռ հարյուրավոր տարիների կարիք կլինի, որպեսզի փոխվեն մարդկանց սովորություններն ու սովորույթները, որոնք կտանեն դեպի այսպիսի պարզ ու գիտականորեն կազմակերպված քաղաքակրթության։

Սակայն մենք արդեն տեսնում ենք, թե ինչպես է դա սկսում ԱՄՆ-ում. Վիսկոնսինում օրենքի համաձայն պահանջվում է հանցագործների ստերիլիզացում և տղամարդկանց մինչամուսնական հետազոտություն։ Մնում է միայն սպասել և մտածել, թե ինչն իրականություն կդառնա, երբ գիտնականները վերջապես ասեն իրենց խոսքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել