Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ Թուրքիան չի ցանկանում որևէ սրացում Ռուսաստանի հետ: 
«Մենք մտադրություն չունենք ծավալվել այդ միջադեպի շուրջ: Մենք պարզապես պաշտպանում ենք մեր անվտանգությունն ու իրավունքները մեր և մեր եղբայրների», - ասել է Էրդողանն իր հեռուստատեսային ելույթում Ստամբուլում:
«Թուրքիան երբեք չի նպաստում լարվածության ու ճգնաժամի խորացման, մենք միշտ կողմ ենք խաղաղության և երկխոսության», - ասել է Էրդողանը:
Բայց նա ավելացրել է. «Կարծում եմ՝ ոչ ոք չի լռի, երբ խախտեն պետական սահմանը: Մենք ևս չլռեցինք, երբ մեր սահմանի անվտանգությունը խախտվեց, իսկ ինքնիշխանությունը ոտնահարվեց»:
Թուրքիան հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռին մի քանի անգամ զգուշացրել են, որ նա խախտել է Թուրքիայի օդային տարածքը, սակայն ինքնաթիռը շարունակել է թռչել Թուրքիայի օդային տարածքով, որի համար էլ խոցվել է: Մոսկվան պնդում է, որ ինքնաթիռը երբեք չի հատել թուրք-սիրիական սահմանը և չի գտնվել Թուրքիայի օդային տարածքում:
Էրդողանն այս մասով ասել է. «Անզգույշ քայլերը կարող էին ունենալ էլ ավելի դրամատիկ զարգացումներ: Խոցված ինքնաթիռի բեկորները վայր ընկնելով՝ վիրավորել են Թուրքիայի երկու քաղաքացու Թուրքիայի տարածքում, իսկ Դուք ասում եք՝ օդային սահմանը չի խախտել մեր ինքնաթիռը»:
Էրդողանը նաև հակադրվել է Ռուսաստանի այն պնդմանը, որ ինքնաթիռն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքում ԻՊ-ի թիրախներին:
«Ոչ ոք հիմար չէ, և բոլորս էլ գիտենք, որ Բայրիբուջաքի տարածաշրջանում չկան իսլամիստներ, այնտեղ ապրում են թուրքմեններ»,- իր հեռուստաելույթը եզրափակել է Էրդողանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել