Քանի դեռ մեծ մասդ քնած եք ու դեռ չեք վերսկսել Արևմտյան Հայաստանը վերանվաճելու ձեր անհասկանալի էյֆորիան, կիսվեմ իմ տպավորություններով։
Նախ, այլևս փաստ է, և դա ժխտել հնարավոր չէ, որ Ռուսաստանը կամ Ռուսական կայսրությունն իր պատմության ողջ ընթացքում երբեք այսքան թույլ և թուլացած չի եղել։ Սա փաստ է։ Ամբողջ աշխարհի կողմից արհամարհված, պատժամիջոցներից խիստ թուլացած՝ Ռուսաստանն անգամ ռազմական ոլորտում այլևս նախկինը չէ։ Միակ բանը, որ այսօր դեռ փրկում է Ռուսաստանին, Սովետական Միությունից ժառանգություն ստացած միջուկային զենքն է։ Եվ վերջ։ Չլիներ դա, վաղուց Ռուսաստանի վրա հարձակվել ու մաս-մաս էին արել։ Այսօր Թուրքիան ապացուցեց, որ Ռուսաստանին հավասար պետություն է ու այդքան հանդգնություն ունի, որ ռուսական ինքնաթիռ է խփում։ Մյուս կողմից ինչպե՞ս պետք է վարվեր, երբ այն հատել էր իր օդային սահամանը։ Բայց սա այլ քննարկման առարկա է։ Հատկանշականն այն է, որ Պուտինն անմիջապես դեպքին հաջորդած իր հայտարարության մեջ չափազանց զգուշավոր էր և աշխարհի հզոր գերտերության ղեկավարի պես չէր ընդհանրապես։ Եվ դա պատահական չէ, քանի որ, կրկնեմ, Ռուսաստանը վաղուց այլևս աշխարհի հզոր գերտերություն չէ, և Պուտինը դա շատ լավ հասկանում է։

Իսրայելը, որը Ռուսաստանի մի քաղաքի չափ է իր տարածքով, պատերազմներ է հայտարարել մի շարք երկրների հետ իր մեկ զինվորին սպանելու համար, ժամանակին Թուրքիայի հետ էր առճակատվում։ Ռուսաստանն այսօր անգամ Իսրայելի չափ էլ չկա, քանի որ հասկանում է, որ Թուրքիային նեղացնելու դեպքում ողջ ՆԱՏՕ֊ի դեմ դուրս կգա, իսկ իրեն պահող ու պաշտպանող ոչ ոք չկա, հետևաբար թույլ է... Ռուսաստանը դեռ շատ ֆիասկոներ կապրի, ընդհուպ մինչև քայքայում երկու-երեք տասնամյակից հետո, բայց թե ինչու են հայերն այսքան գրգռված այս ամենից, չեմ հասկանում։ Ռուսական մեդիադաշտն էի նայում, անգամ ռուսներն էսքան գրգռված չեն, որքան որոշ ռուսահպատակ հայեր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել