Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի արտաքին պարտքին, որը եկող տարվա բյուջեում մոտենալու է ՀՆԱ-ի 50 տոկոսին, ասաց, որ այն այդքան մտահոգիչ չի համարում:

«Ընդհանրապես արտաքին պարտքը որպես տնտեսագիտական գործիք իր էությամբ մտահոգիչ չէ , ավելին՝ դա շատ պետությունների կողմից արդյունավետ օգտագործվում է, որպեսզի կարողանան այնպիսի խնդիրներ լուծել, որոնց համար իրենց բյուջետային կարողությունները բավարար չեն»,-ասաց նա և նկատեց, որ շատ երկրներ կան, որոնց արտաքին պարտքը գերազանցում է նույնիսկ իրենց համախառն ներքին արդյունքը:

«Հետևաբար՝ արտաքին պարտքը այդքան վտանգավոր չէ, և ոչ մի դրամատիկ բան չկա դրա մեջ։ Շատ ավելի կարևոր է արտաքին պարտքի սպասարկման կարողությունները: Այսինքն՝ շատ ավելի կարևոր է, թե արդյոք պետությունը, որը վերցնում է արտաքին պարտք և արտաքին վարկառուի  հանդեպ ստանձնում պարտավորություններ,  ունակ է այդ պարտավորությունները կատարել»,-ասաց Խոսրով Հարությունյանը և նկատեց, որ առ այսօր ՀՀ-ի տնտեսական կարողությունները բավարարել են պարտքը մարելուն:

«Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունը իր վարկատուների առաջ հայտնի է, որպես շատ կարգապահ և պատասխանատու վարկառու, եթե մենք այդպիսի վարքագիծ չդրսևորեինք, մեզ ոչ մեկը պարտք չէր տա, եթե նույնիսկ մեր պարտքի չափաբաժինը լիներ ոչ թե 45 տոկոս, այլ 15 տոկոս»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել