Tert.am-ը գրում է.

Թուրքիայի կողմից իրականացված գործողությունների հետևանքները վտանգավոր են տարածաշրջանի համար: Tert.am-ի հետ զրույցում այսպիսի մտահոգություն հայտնեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն՝ անդրադառնալով թուրք-սիրիական սահմանին խոցված ինքնաթիռի դեպքին: 

«Հետևելով ռուսական զանգվածային լրատվական միջոցների հաղորդագրություններին, կարծես թե տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանը փորձում է հնարավորինս չսրել իրադրությունը: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարը գտնվում է Եգիպտոսում: Ռուսաստանը դեռևս փորձում է ամեն դեպքում շատ ինֆորմացիա ստանալ»,-ասաց թուրքագետը:

Նա նշեց, թե ռուսներն ասում են, թե ինքնաթիռը գտնվել է Սիրիայի տարածքում, իսկ թուրքերն ասում են, թե 10 անգամ զգուշացրել են, նոր միայն խփել ինքնաթիռին, արդյունքում, ըստ Սաֆրաստյանի, կողմերի հայտարարությունների մեջ հակասություններ կան, պետք է սպասել, տեսնել, թե ինչ արդյունքներ կլինեն և ինչ դիրքորոշում կստանձնեն կողմերը:
Նշենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Կրեմլում հստակ գիտեն՝ ռուսական ինքնաթիռը Թուրքիայի օդային տարածք չի մտել:

Մինչդեռ, թուրքական կողմի պնդմամբ, ինքնաթիռը Թուրքիայի օդային տարածքը խախտելուց հետո մի քանի նախազգուշացում է ստացել, ապա խոցվել է թուրքական կործանիչների միջոցով։
Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, թե այս ամենը մեկ անգամ ևս վկայում է, որ Թուրքիայի կողմից իրականացված արկածախնդրական քաղաքականությունը վտանգ է ներկայացնում և՛ Թուրքիայի, և՛ տարածաշրջանի համար:

«Մենք ականատես ենք  դառնում, որ այդ վտանգն իրական է դառնում»,-ընդգծեց Ռուբեն Սաֆրաստյանն՝ ավելացնելով, որ Թուրքիայի և Սիրիայի սահմանը մոտ 95 կիլոմետր է, որը Սիրիայի կողմից գտնվում է Իսլամական պետության հսկողության տակ, և հենց այդ սահմանի միջոցով է Իսլամական պետության կապն աշխարհի հետ, այս սահմանի միջոցով է Թուրքիային Իսլամական պետությունը վաճառում նավթ և դրանից  ստանում իր 40 միլիոն դոլար ամսական եկամուտը:

«Թուրքիան, ըստ էության, օգնում է Իսլամական պետությանը, օգնում է նաև թուրքալեզու ցեղերին, որոնք կռվում են Իսլամական պետության շարքերում: Հիմա Թուրքիան իր այդ ավանտյուրիստական քաղաքականության շնորհիվ հայտնվեց այդպիսի ծանր իրավիճակի մեջ»,-նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Այդուհանդերձ, թուրքագետը կարծում է, որ Մոսկվայում վերջնական որոշումներ չեն կայացվելու, և Մոսկվան հաշվի կառնի այն հանգամանքը, որ, կարծեք թե, սկսում է ավելի իրական դառնալ թուրքական հոսք գազի ծրագիրը, որը մինչ այդ կասեցվել էր. «Շանսեր չկային իրականություն դառնալու, հիմա ավելի իրական է դառնում այդ ծրագրի իրականացումը: Դա, իհարկե՛, Ռուսաստանի համար կարևոր է, նա այդ հաշվի կառնի, բայց մյուս կողմից էլ չեմ կարծում, որ Ռուսաստանն այնպիսի պետություն է, որ ների, երբ իր ինքնաթիռը խոցվում է մեկ այլ պետության ինքնաթիռների կողմից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել