Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի վրա հարձակումը «թիկունքից հարված» է անվանել, հաղորդում է РИА Новости-ն։

Պուտինի խոսքով՝ ռուսական կործանիչի հետ կապված միջադեպը դուրս է ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներից։

«Ռուս օդաչուները և ինքնաթիռը ոչ մի կերպ չեն սպառնում Թուրքիային, դա ակնհայտ է»,- ասել է Պուտինը: Նա նաև հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռի վրա հարձակումը եղել է Թուրքիայի հետ սահմանից 1 կիլոմետր հեռավորության վրա, իսկ ինքնաթիռն ընկել է 4 կիլոմետր հեռավորության վրա:

Հիշեցնենք, որ այսօր թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում կործանվել է ռուսական Սու-24 կործանիչը: Թուրքական կողմի պնդմամբ՝ ինքնաթիռն իրենք են խոցել, քանի որ այն հատել էր Թուրքիայի օդային տարածքը: Ինքնանետված օդաչուների ճակատագիրն անհայտ է:

Թուրքիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցման միջադեպի հետ կապված։

Թուրքիայի պահանջով այսօր արտահերթ նիստ է գումարելու ՆԱՏՕ-ն՝ քննարկելու ինքնաթիռի հետ կապված միջադեպը։

«Հյուսիսատլանտյան դաշինքի նիստը տեղի է ունենալու այսօր՝ ժամը 17:00-ին (երևանյան ժամանակով ժամը 20.00-ին)՝ Թուրքիայի պահանջով»,-ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը՝ նշելով, որ մամուլի համար որևէ միջոցառում չի նախատեսվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել