Tert.am-ը գրում է.

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն այսօր ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեկ ԵԽԽՎ Սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի նիստի հանձնաժողովում ընդունված «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցին, ասաց, որ դա հետևանք է այն իրավիճակի, որ այսօր գոյություն ունի ԵԽԽՎ-ում:

«Այդ իրավիճակը բազմաթիվ անգամներ ներկայացրել ենք ու համարում ենք, որ սա ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների կողմից նախաձեռնված ու իրենց շահերին նպաստող տարբեր պատգամավորների կամ անհատ պատգամավորների արդյունք է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հայկական կողմի նախաձեռնություններին՝ Հերմինե Նաղդալյանն ասաց.«Այնպես չէ, որ մենք չենք կարողանում պաշտպանել մեր շահերը, դուք ինքներդ ականատես եք եղել, որ գոնե վերջին մեկ տարվա ընթացքում մենք ունեցել ենք բազմաթիվ նման «հարձակումներ», կարողացել ենք չեզոքացնել բազմաթիվ վտանգներ, նեգատիվ նախաձեռնություններ»:

Նա նշեց, որ հիմա ևս այդպիսի մի ժամանակահատված է, երբ ադրբեջանական կողմը, հիմնվելով նրա վրա, որ ոչ ադրբեջանանպաստ զարգացումներ ունի Մինսկի խմբի բանակցությունների ընթացքում, միջազգային տարբեր հարթակներում, որտեղ քննարկվում են անվտանգության հարցերը, փորձում է այնպիսի հարթակում այդ հարցերը բարձրացնել որտեղ հարթակը չունի մասնագիտացում, որի մանդատի մեջ չեն մտնում անվտանգության հետ կապված հարցեր։

Պատասխանելով հարցին, թե արդյոք հայկական պատվիրակությունը կբոյկոտի՞ ԵԽԽՎ հաջորդ նստաշրջանը, Հերմինե Նաղդալյանն ասաց, որ ողջ տարվա ընթացքում իրենք տարբեր աշխատանքներ են ծավալել, ուստի այնքան էլ համաձայն չէ այն տեսակետների հետ, որ պետք է բոյկոտել նստաշրջանը: «Այս պահին իմ անձնական կարծիքն եմ ասում՝ չեմ կարծում, որ բոյկոտը լավագույն տարբերակն է, պատվիրակությունն այս պահի դրությամբ չի քննարկել այդ թեման»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հայկական պատվիրակությունում փոփոխություններ հնարավո՞ր են, Հերմինե Նաղդալյանն ասաց. «Պատվիրակության կազմը ձևավորվում ու փոփոխվում է ֆրակցիաների որոշումներով, և եթե առանձին ներկայացրած խմբակցությունները որոշում կայացնեն այն մասին, թե իրենց կազմում աշխատող պատվիրակը աշխատանքի մեջ թերություններ է ցուցաբերել կամ իրենք համարում են, որ պետք է փոխվի, դա իրենց որոշումն է»:

Հերմինե Նաղդալյանը նաև նշեց, որ ՀՀԿ-ում նման հարց չեն քննարկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել