Tert.am-ը գրում է.

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ թուրք-սիրիական սահմանին այսօր կործանվել է ռուսական ավիախմբի կազմում ընդգրկված Սու-24 ռազմական ինքնաթիռը։ Գերատեսչությունից հայտնել են, որ ինքնաթիռը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը։ 

Թուրք-սիրիական սահմանին այսօր կործանված ինքնաթիռը, հավանաբար, ռուսական է, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրք զինվորականների պաշտոնական ներկայացուցիչները հաստատել են, որ թուրք-սիրիական սահմանին ինքնաթիռը խոցվել է իրենց կողմից՝ թուրքական սահմանը հատելու պատճառաբանությամբ, տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը:

Համաձայն տարածված տեղեկությունների՝ խոցված ռուսական ինքնաթիռն ընկել է Լաթաքիայի մոտակայքում:

Ավելի վաղ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները լարվել էին ռուսական ինքնաթիռների՝ Սիրիայի տարածքում ավիահարվածներ հասցնելու ընթացքում Թուրքիայի օդային սահմանը հատելու պատճառով։ Թուրքիան իր բողոքն էր հայտնել Ռուսաստանին՝ Անկարայում երկրի դեսպանին արտգործնախարարություն կանչելով:

Համացանցում տարածվել է ինքնաթիռի կործանման պահի տեսագրությունը: Հաղորդվում է, որ հավանաբար օդաչուները հասցրել են ինքնանետվել:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Սիրիայի սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին տեղեկացել է երկրի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուից և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարից:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել