Tert.am-ը գրում է.

Բրյուսելում ահաբեկչության սպառնալիքի բարձրագույն մակարդակի  ռեժիմը կերկարաձգվի ևս մեկ շաբաթով, հայտարարել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը, գրում է gazeta.ru-ն։

«Մենք հաստատում ենք սպառնալիքի չորրորդ մակարդակը, հետևաբար՝ քաղաքում հանրային միջոցառումների քանակը կկրճատվի: Դա անհրաժեշտ է մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ նման միջոցները թույլ կտան ավելացնել իրավապահ մարմինների աշխատակիցների թիվը, որոնք կկարողանան հսկողության տակ վերցնել պաշտպանության կարիք ունեցող վայրերը։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Բելգիայում ձերբակալվել է ահաբեկչության ևս 5 կասկածյալ:

Ընդհանուր առմամբ՝ ձերբակալվել է 21 մարդ: Նրանք կարող են ներգրավված լինել Փարիզում ահաբեկչությունների շարքի կազմակերպման և այլ հանցագործությունների մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ էին բացել քաղաքի ռեստորաններից մեկում, երեք պայթյուն գրանցվել էր «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում, որտեղ տեղի էր ունենում Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումը և որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Բացի այդ, «Բատակլան»  թատրոնում ռոք համերգի ընթացքում անհայտ անձինք պատանդ էին վերցրել հանդիսականներին։ Վերջին տվյալներով՝ զոհվել է շուրջ 130 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 300-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել