Tert.am-ը գրում է.

Այսօր ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, գլխավոր վարչությունների և վարչությունների պետեր, տարբեր ծառայությունների պատասխանատուներ:

Քննարկվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման փուլում ոստիկանության գործունեության արդյունքներն ու ծառայության կազմակերպման առանձնահատկությունները:

«Վլադիմիր Գասպարյանը  ներկայացրեց  հանրաքվեի օրը ծառայության կազմակերպման գլխավոր ուղղությունները՝ ընտրատարածքների մերձակայքում կուտակումների բացառում, «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» իմացության ստուգարքների կազմակերպում տարածքային բաժիններում, կենտրոնական ապարատի և ծառայություն կատարող վերակարգերի միջև անընդմեջ կապի ապահովում և այլն:

Ոստիկանության պետը հատուկ ուշադրություն դարձրեց սահմանափակ ֆիզիկական կարողություն ունեցող քաղաքացիներին օժանդակելու խնդրին:

Վլադիմիր Գասպարյանը կարևորեց հանրության, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների և առանձին քաղաքացիների հետ տարվող աշխատանքը, հետադարձ կապի ապահովման անհրաժեշտությունը՝ ինչպես  հանրաքվեի օրը, այնպես էլ նախորդող շրջանում:

Հիշեցնելով, որ ոստիկանության վերահսկողական ծառայությունները  ընտրատեղամասերի տարածքում անմիջաբար են հսկելու վերակարգերի աշխատանքը, Վլադիմիր Գասպարյանը մյուս ծառայություններին հրահանգեց ակտիվացնել օպերատիվ ու կանխարգելիչ աշխատանքները  քարոզարշավի և հանրաքվեի ժամանակ պատշաճ հասարակական կարգ ապահովելու, իրավախախտումները բացառելու, օրենքի պահանջները լիարժեք կատարելու համար:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև այս օրերին հանրային գոտիներում, տրանսպորտային հանգույցներում, զանգվածային միջոցառումների վայրերում ոստիկանության արտաքին ծառայության ուժեղացմանը՝ պայմանավորված համաշխարհային ու տարածաշրջանային նոր մարտահրավերներով: Ոստիկանության պետը հավելեց, որ այդ ոլորտում սերտորեն համագործակցելով հանրության հետ, անհրաժեշտ է անվտանգության բարձր մակարդակ ապահովել նաև հանրաքվեի և նախորդող օրերին:

Խորհրդակցության մասնակիցներն ըստ ստորաբաժանումների ներկայացրին նախապատրաստական աշխատանքների արդյունքները, խնդիրներն ու դրանց լուծման ուղիները, ստացան համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ»,–ասվում է հաղորդագրությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել