Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը համակարծիք է իշխանությունների կողմից հնչեցրած մտքի հետ, թե սահմանադրական փոփոխությունների «ոչ»-ի քարոզարշավն իշխանափոխության վերածելու քաղաքականությունը սխալ է, բայց վստահ է, որ այդ սխալ քաղաքականության արդյունքում ժողովուրդը միավորվելու է «ոչ»-ի շուրջ:

«Համաձայն եմ, շատ սխալ քարոզչություն է, որը տալիս է շատ լավ արդյունք, որովհետև ժողովրդի մեծամասնությունը զանգվածաբար ամրապնդվում է «ոչ» ասելու տրամաբանության մեջ: Մենք այս սխալ տրամաբանությունը կշարունակենք»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Զուրաբյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը ասաց, թե զարմանում է, որ իշխանությունները՝ «երկիրը թալանելուց հետո, քննադատում են իրենց՝ քարոզչությունն այս կամ այն կերպ իրականացնելու գործում»:

«Զարմանում եմ, որ իրենք համարում են, որ ընդհանրապես իրավունք ունեն խոսելու: Մի իշխանություն, որը ձախողել է ամեն ինչ՝ ինչ հնարավոր էր ձախողել, որը աղքատացրել է ժողովրդին, թալանել, կեղեքել, հասցրել մի վիճակի, որ տարեկան 50 հազարից ավել մարդ փախեփախ գնում է երկրից, մի տեղ, որտեղ գործազրկություն կա, կորում են մարդկային ռեսուրսները, մեր տնտեսությունն ամեն օր գտնվում է սրընթաց անկման մեջ, ու այս իշխանությունները մտածում են, որ ժողովուրդը կարող է ընդունել, դրական գնահատական տալ իրենց նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին: Պիտի գոհ լինեն, որ ժողովուրդն իրենց տեղում չի չափալախում, չի կախում կողքի ծառից, որ մարդիկ քաղաքավարի կերպով բացատրում են, որ չեն ուզում թալանչի իշխանություններին, չեն ուզում իրենց մատուցած Սահմանադրությունը»,- շեշտեց Լևոն Զուրաբյանը:

Հարցին, թե ինչու ՀԱԿ–ը չի մասնակցում սահմանադրական փոփոխությունների «Այո և ոչ» իրապատմանը, չէ՞որ սա ևս մեկ հարթակ է փաստարկները ներկայացնելու համար, պատգամավորն ասաց, թե իրենք ոչ մի ցանկություն չունեն՝ իշխանությունների հետ երթևեկել, հաց ուտել, ժամանակ անցկացնել:

«Իրենք ուզում են մեր քաղաքական կյանքը շոուի վերածել, բայց մենք նման հնարավորություն չենք տա: Քաղաքական ռեալիթի շոու ո՛չ Կանադայում, ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ Ֆրանսիայում չկա: Բայց չգիտես ինչու կա Հայաստանում, որովհետև ուզում են քաղաքականությունը կրկեսի վերածել: Այդ ֆորմատով բանավեճ չի լինում, մենք ժողովրդի հետ հանդիպման համար միջնորդների կարիք չունենք»,- նշեց Զուրաբյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել