-Բոլոր կանայք էլ հիասքանչ են, բայց արդյո՞ք բոլորն են պատրաստ հրապարակավ քննարկել իրենց գեղեցկությունը:
-Ես կխուսափեի գրավիչ արտաքինն անվանել «գեղեցկություն», քանի որ համոզված եմ, որ «գեղեցկություն» ասվածը շատ հարաբերական է, իսկ ինչ վերաբերվում է իմ արտաքին տեսքին, ես միշտ պատրաստ եմ բացահայտ քննարկել այն:
-Հայտնի է, որ հանրային կինը միշտ պետք է գեղեցիկ տեսք ունենա: Ինչպե՞ս հասնել դրան:
- Առաջին հերթին կթվարկեմ բոլորին արդեն քաջ հայտնի դարձած առողջ ապրելակերպն ու գրագետ սնունդը: Դրանք լավ արտաքին տեսքի առաջին գրավականներն են, բայց միայն ճիշտ սնունդը և սպորտը դեռ բավարար չեն: Որպեսզի կինը գեղեցիկ լինի պետք է փայլեն նրա աչքերը, և միայն դրանից հետո՝ վարսերը, մաշկը և այլն, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ունենալ բարձր տրամադրություն, լինել կենսախինդ և փորձել գտնել դրականը շրջապատող իրականության մեջ:
-Շատ կանայք երբեմն չեն գիտակցում իրենց գեղեցկությունը: Դա անվստահությա՞ն արդյունք է:
-Եվս մեկ անգամ կնշեմ, որ «գեղեցկություն» ասվածը շատ հարաբերական է, մեկի համար գեղեցիկ է շիկահերը, մյուսի համար` սևահերը, մեկը գեղեցիկ է համարում նիհարությունը, մեկ ուրիշի համար գեղեցիկ են «թմբլիկները», որքան մարդ` այդքան կարծիք և ճաշակ: Կարևոր չէ, թե որ չափսի մեջ է կինը, կամ ինչ գույնի են նրա աչքերն ու վարսերը, կարևոր է, թե ինչպե՞ս է նա իրեն զգում: Ինքնավստահությունը, իհարկե չափի մեջ, շատ հաճախ հոգեվիճակ է և կնոջ հիմնական խնդիրը այդ հոգեվիճակին հասնելն է, իսկ այդ հարցում նրան կարող են օգնել ընկերներն ու սիրելի անձնավորությունը:
-Առաջին անգամ Դուք ե՞րբ հասկացաք, որ գեղեցիկ եք: Չէ՞ որ մինչև չես հասկանում, չես ընկալում, վստահ չես լինում:
-Ես մինչ օրս երբեմն կասկածում եմ, չնայած նրան, որ աշխատում եմ որպես մանեքենուհի արդեն 12 տարի, և դա առողջ կասկած է: Խորինս համոզված եմ, որ ողջ աշխարհում չի գտնվի նույնիսկ մեկ կին, ով լիովին գոհ է իր արտաքինից, այդ թվում նաև ես: Կան բաներ, որ ինձ դուր են գալիս, բայց միևնույն ժամանակ ես շատ լավ գիտեմ իմ թերությունները, իսկ հենց այդ թերությունները թաքցնելու մեջ է կայանում արվեստը, որի վրա կառուցված է ողջ գեղեցկության ինդուստրիան:
 -Ընդունված է համարել, որ գեղեցկությունից պետք է օգտվել, այն Ձեզ օգնո՞ւմ է կյանքում:
-Կստեմ, եթե ասեմ՝ ոչ: Արտաքին տեսքի շնորհիվ ինձ հրավիրել են աշխատել բեմահարթակում, ինչի շնորհիվ ես շատ եմ ճանապարհորդել, իսկ ինչպես ասել է Մարկ Տվենը, «Մահվան շեմին մենք միայն երկու բանի համար կարող ենք զղջալ` որ քիչ ենք սիրել և քիչ ենք ճանապարհորդել»:
- Ասում են, որքան վառ է արտաքինը, այնքան մեծ է պահանջարկը: Դրա համար են հիմա շատ աղջիկներ դիմում ամեն քայլի, որպեսզի լավ պահանջարկ ունենա: Ճի՞շտ եք համարում այս միտքը:
-Վառ արտաքինը արագ է տպավորվում, և դա է պատճառը, որ այն անձինք, ովքեր ցանկանում են արագ ճանաչում ձեռք բերել, դիմում են նման նորաձև խորամանկության: Մանեքենուհու դեպքում վառ արտաքինը կարող է նույնիսկ խանգարել, չէ՞ որ մանեքենուհին կերպար կրող է, սպիտակ թուղթ, որի վրա դիզայները «նկարում է» իր մտքերը և հանձնում հանրության դատին: Ես համարում եմ, որ արտաքինով աչքի ընկնելը չափից դուրս հեշտ տարբերակ է, պետք է փորձել աչքի ընկնել ավելի բարձր և մնայուն արժանիքներով:
-Ո՞րն է Ձեզ համար գեղցկությունը: Միայն գեղեցիկ դեմք ու մարմի՞ն:

-Կպատասխանեմ համառոտ: Գեղեցկությունը մարմն­ի և հոգու ներդաշնակությունն է, մեկը առանց մյուսի գեղեցիկ չէ:
-Տարիքի մասին խոսելիս հայտնի մարդիկ ասում են, որ պետք է հպարտանալ տարիքով: Դուք թաքցնո՞ւմ եք Ձեր տարիքը:
- Ինչպես ասվում է մի երգում ‹‹Мои года, мое богатство››, չնայած բարդ հարց է, ես դեռ չեմ հասել այն տարիքին, երբ սովորաբար սկսում են թաքցնել տարիքը, երբ հասնեմ, գուցե մի բան փոխվի, բայց այժմ ո՛չ, ես 25 տարեկան եմ:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել